Փարիզի ոստիկանությունը հայտնել է Charlie Hebdo-ի նախկին խմբագրության մոտ մարդկանց վրա հարձակման մեջ կասկածվողին ձերբակալելու մասին։

Փարիզի ոստիկանության ներկայացուցիչն ասել է, թե չնայած իշխանություններն ի սկզբանե կարծում էին, որ երկու հարձակվող է ներգրավված, հիմա համարում են, որ մեկ մարդ է գործել։ Կասկածյալին ձերբակալել են Փարիզի արեւելքում Բաստիլի հրապարակից ոչ հեռու։

Հարձակման հետեւանքով վիրավորվել է 4 մարդ, լրատվամիջոցների տեղեկություններով՝ նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Հարձակվողն օգտագործել է սառը զենք։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ դա եղել է մաչետե, մյուսները՝ որ դա եղել է միս կտրելու դանակ։

Հարձակվողի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն։

Հիշեցնենք, որ Փարիզի Արդարադատության պալատում սեպտեմբերի 2-ից ընթանում է 14 ամբաստանյալների դատավարությունը 2015 թվականի հունվարին Charlie Hebdo-ի խմբագրությունում, Փարիզի Մոնրուժ արվարձանում եւ Hyper Cacher խանութում իրագործված ահաբեկչությունների գործով։

Սեպտեմբերի սկզբին Charlie Hebdo-ն կրկին Մուհամմեդ մարգարեի ծաղրանկարներ էր հրապարակել, ինչի պատճառով 2015 թվականին ահաբեկիչները հարձակվել էին խմբագրության վրա։ Դրանից հետո լրագրողները սկսել են ստանալ նոր սպառնալիքներ։