Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության (ԵՄ) հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարին: ԱՊԱ-ն հայտնում է, որ այս մասին տեղեկատվությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

«Վերջին ամիսներին շատ մտահոգիչ զարգացումներ են եղել. հենց դա է այսօր իմ այստեղ գտնվելու հատուկ պատճառը: Դուք գիտեք, որ բարձրագույն ներկայացուցիչը կապի մեջ էր ինչպես ձեր արտգործնախարարի, այնպես էլ Հայաստանի արտգործնախարարի հետ: Եվրամիությունը շատ շահագրգռված է Հարավային Կովկասում անվտանգության, կայունության եւ խաղաղության մեջ: Ես, իմ հերթին, այստեղ եմ` իրավիճակն ուսումնասիրելու համար»,- շեշտել է Տոյվո Քլաարը:

Ավելի վաղ Քլաարը Twitter-ում հայտնել էր, որ գտնվում է Բաքվում` հանդիպումներ անցկացնելու համար, որոնք երկու օր կտեւեն: «ԵՄ-ն շատ շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության մեջ: Կարեւոր է թուլացնել լարվածությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ղեկավարությամբ վերադառնալ առարկայական բանակցությունների` առանց նախապայմանների»,- նշել է Թ. Քլաարը: