ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի իրականացնում ավելի անվտանգ, ավելի ժողովրդավար եւ բարեկեցիկ աշխարհ ստեղծելու իր առաքելությունը: Այս մասին CBS News-ին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելի Քրաֆթը:

«Ի զզվանքս եւ զարմանս, յուրաքանչյուր երկիր օգտվեց առիթից` շատ բացասաբար խոսելու Միացյալ Նահանգների մասին, եւ դա ավելի շատ կապված էր քաղաքական դժգոհությունների հետ, քան` այն հարցի, թե ինչն է իրականում կարեւոր, այսինքն` ինչպես է COVID-19-ն ազդել աշխարհի վրա, ինչպես  է այս համավարակն ազդել հակամարտության մեջ գտնվող տարածաշրջանների եւ զարգացող երկրների վրա»,- ասել է նա:

Հարցին, թե ինչու է դա տեղի ունեցել, դիվանագետը պատասխանել է. «Սա ժողովրդականության մրցույթ չէ: Ես աջակցության խումբ չեմ փնտրում, բայց, իմ Աստված, նրանք պետք է մեզ քաջալերեն: Մենք ՄԱԿ-ի ամենամեծ դոնորն ենք: Մենք պարզապես 20 միլիարդ դոլար նվիրաբերեցինք ամբողջ աշխարհում COVID-ի դեմ պայքարի համար: Եվ այն փաստը, որ նրանք համարձակություն ունեցան դա որպես քաղաքական պահ օգտագործել, պարզապես շատ հիասթափեցնող է»: