Իսպանիայի առողջապահության նախարար Սալվադոր Իլան Մադրիդի իշխանություններին կոչ է արել խստացնել սահմանափակումները կորոնավիրուսի գոտում` նախազգուշացնելով, որ առանց ավելի խիստ սահմանափակումների մայրաքաղաքի եւ հարակից շրջանների բնակիչները «լուրջ ռիսկի» տակ են, հայտնում է Reuters-ը:

Նախօրեին Մադրիդը մասնակի կարանտին էր տարածել կորոնավիրուսով վարակման դեպքերի բարձ մակարդակով մի քանի տասնյակ շրջաններում` մերժելով կառավարության առաջարկները` ամբողջ քաղաքն արգելափակելու վերաբերյալ, քանի որ մայրաքաղաքում դեպքերի թիվը շարունակում է աճել:

«Մադրիդը լուրջ ռիսկային իրավիճակում է, եւ վճռականորեն գործելու ժամանակն է,- ասել է Իլլան:- Բնակիչների, հարեւան շրջանների համար լուրջ ռիսկ գոյություն ունի»,- ասել է նա` մայրաքաղաքի մարզային իշխանություններին կոչ անելով «առաջին տեղում դնել քաղաքացիների առողջությունը»:

Իսպանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում աճել է 12.272-ով` հասնելով 716.481-ի, որն ամենաբարձր ցուցանիշն է Արեւմտյան Եվրոպայում: Ավելի քան 31.000 մարդ զոհվել է:

Մադրիդի 45 շրջանների մեծ մասը, որոնց վրա տարածվում են նոր սահմանափակումները, բարձր խտությամբ եւ ցածր եկամուտ ունեցող թաղամասերն են, ինչը վրդովմունք է առաջացրել «դասակարգային սահմանափակման» կապակցությամբ, այդ թվում` քաղաքային ժողովի մոտ ուրբաթ ուշ երեկոյան կայացած բողոքի ցույցերի ընթացքում: