ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Վահրամ Պողոսյանն այսօր կայացած ասուլիսում վերահաստատել է, որ իրավիճակը գտնվում է վերահսկողության ներքո, պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված մարտական խնդիրը և արժանի հակահարված տալիս հակառակորդին: Այս մասին տեղեկացնում է ԱՀ  տեղեկատվական շտաբը:

ԱՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Արմեն Առաքելյանը ներկայացրել է առողջապահական համակարգի անելիքները, նշելով, որ բուժհիմնարկները բերվել են առաջին պատրաստության: Ցավոք, ունենք վիրավորներ և զոհեր:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանի խոսքով, ադրբեջանական զինուժի հարձակման պատճառով տուժել են մի շարք համայնքների ենթակառուցվածքներ: Կան էլեկտրամատակարարման, գազամատակարարման խափանումներ, որոնց կարգավորման առումով արդեն մեկնարկել են անհրաժեշտ աշխատանքները: Ջրամատակարարման, կապի և ճանապարհների անցանելության առումով այս պահի դրությամբ լուրջ խնդիրներ և խափանումներ չունենք:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Հայաստանի ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը նշել է, որ հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ եւ երեք ԱԹՍ: Հակառակորդը կրել է մարդկային եւ տեխնիկայի կորուստներ, մասնավորապես՝ երեք տանկ: Մարտերը շարունակվում են:

Արցախի ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով, որտեղ նշում է, որ այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

Արցախի ՄԻՊ-ի փոխանցմամբ, Ադրբեջանական հրետակոծությունների հետեւանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր ու վիրավորներ:

Մարտունու շրջանում երկու անձ է զոհվել՝ մեկ կին ու մեկ երեխա, կա երկու վիրավոր: Մնացած բնակավայրերի մասով տվյալները ճշտվում են: Հրետակոծել են նաեւ դպրոցներ, ներառյալ՝ Ստեփանակերտում: Քաղաքացիական ենթակառուցվածքների մեծամասշտաբ վնասներ կան բազմաթիվ բնակավայրերում: