Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանը ուղերձ է հղել գյուղոլորտի աշխատողներին։

«Սիրելի քույրեր և եղբայրներ

Հակառակորդը պատերազմ է սանձազերծել հայության դեմ:

Այս ծանր և պատասխանատու պահին մենք՝ բոլորս, կազմած մի կուռ ամբողջություն, պարտավոր ենք կանգնել մեր իշխանությունների թիկունքին և մեր զինվորի կողքին, անմնացորդ ներդրումը բերել հաղթանակի գործին: Հաղթանակ, որը կասկած չի հարուցում: Իսկ դրա համար անպայման անհրաժեշտ է, որ յուրաքանչյուրս իր պարտականություններին վերաբերվի կրկնակի, եռակի նվիրումով: Հատկապես հիմա մեզանից շատ բան է կախված լինելու: Մեր մոտեցումը, որակյալ ու պատասխանատու աշխատանքը նպաստելու են, որ պաշտպանության բանակն ու ազգաբնակչությունն ապահովված լինեն պարենամթերքով: Մեզանից յուրաքանչյուրը՝ նախարարից մինչև հողօգտագործող, պարտավոր է իր գործը դիտարկել որպես խրամատում մարտնչող զինվորի գործի շարունակություն: Մի ձեռքում՝ զենք, մյուսում՝ բահ: Ու մենք՝ միասին, պատվով կկատարենք մեր առաքելությունը:

Մեր տնտեսավարողներին ու արտադրողներին կոչ եմ անում շարունակել մատակարարումը վերամշակողներին՝ ապահովելու համար պարենամթերքի անխափան արտադրությունը:

Առաջին անգամը չէ, որ մենք դիմակայում ենք մարտահրավերներին: Եվ անպայման կգա այն օրը, երբ մենք նորից կարարենք խաղաղ երկնքի տակ: Իսկ առայժմ՝ անենք մեզանից կախված հնարավորը՝ ավելի մոտեցնելու ստեղծագործ աշխատանքի գրավական բաղձալի հաղթանակը:

Աստված պահապան բոլորիս, ուժ ու կորով, հաղթական բազուկ մեր զինվորին»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ժամը 07:15-ի սահմաններում, հակառակորդը, օգտագործելով հրետանային միջոցներ ու հարվածային ԱԹՍ-ներ, հարձակման է անցել արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով՝ թիրախավորելով նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: