Առավոտյան 07:10-ին Ադրբեջանի Զինված ուժերը լայնածավալ հարձակում են սկսել Ղարաբաղի եւ Ադրբեջանի շփման գծի ամբողջ երկայնքով: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրում ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հարցը քննարկելիս նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հակառակորդը նախ հարվածել է ԼՂՀ Պաշտպանության բանակի բոլոր մարտական դիրքերի ուղղությամբ:

«Նախ նրանք կիրառել են հրետանի եւ հրթիռային հարվածներ հասցրել, այնուհետեւ կիրառվել է ծանր տեխնիկա: Հարվածի տակ են հայտնվել պաշտպանության բանակի բոլոր դիրքերը շփման գծի ամբողջ երկայնքով: Դա, ըստ էության, Ադրբեջանի կողմից փորձ է Ղարաբաղի հարցը լուծել ռազմական ճանապարհով, եւ շրջափակել Լեռնային Ղարաբաղը: Դա ակնհայտ ագրեսիա է»,-նշել է Փաշինյանը:

Բացի այդ, վարչապետը նշել է, որ ստեղծված ռազմաքաղաքական պայմաններում առաջացել է սպառնալիք նաեւ Հայաստանի տարածքում հարվածներ հասցնելու առումով: Այդ կապակցությամբ, կառավարության ղեկավարի խոսքով, որոշվել է երկրում հայտարարել ռազմական դրություն:

Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարությունը հանրապետությունում արդեն հայտարարել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք: Ազգային ժողովը պետք է միայն քննարկի այդ հարցը, սակայն օրենսդիր մարմինն այդ առիթով որեւէ որոշում ընդունել չի կարող:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։