Շփման գծում իրավիճակի լուրջ սրման եւ երկրում ռազմական դրություն հայտարարելու հետ կապված՝ Հայաստանի կառավարությունը որոշեց մասնակի մոբիլիզացիա իրականացնել: Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Ազգային ժողովի արտահերթ նիստում` երկրում ռազմական դրություն հայտարարելու եւ ընդհանուր զորահավաք անցկացնելու հարցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքերով՝ դեռեւս լայնամասշտաբ մոբիլիզացիայի անհրաժեշտություն չկա:

«Մենք որոշեցինք իրավիճակին արձագանքել անհապաղ եւ ըստ անհրաժեշտության: Տեղեկացնեմ նաեւ, որ մարտեր են մղվում շփման գծի ողջ երկայնքով, հատկապես Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հյուսիսարեւելյան եւ հարավարեւելյան ուղղություններում: Իրավիճակը լարված է: Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեզ բոլորիս մանրամասներ են հետաքրքրում: Ցավոք, մենք ունենք զոհեր: Քանի որ սկզբնական շրջանում հարվածներ են հասցվել նաեւ քաղաքացիական օբյեկտներին, զոհեր կան ոչ միայն զինվորականների, այլ նաեւ խաղաղ բնակիչների շրջանում: Հարվածի է ենթարկվել նաեւ ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտը, ինչպես նաեւ այլ բնակավայրեր: Պաշտպանության բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրները՝ ադրբեջանական հարձակումը եւ ագրեսիան դադարեցնելու նպատակով»,- ընդգծեց Փաշինյանը:

Նշենք, որ Հայաստանի կառավարության որոշմամբ`հանրապետությունում արդեն հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք: Ազգային ժողովին մնում է միայն քննարկել այս հարցը, բայց օրենսդիր մարմինը չի կարող որեւէ որոշում կայացնել այս հարցի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։