Մենք Արցախի անկախությաւնը չենք ճանաչել մի պատճառով, որ ընթանում են բանակցություններ եւ ասվում էր, որ եթե ճանաչենք Արցախի անկախությունը, բանակցությունները կտապալենք, որից հետո լայնամասշտաբ կռիվ կսկսվի, հետո կհարձակվեն Հայաստանի վրա եւ մենք կներգրավվենք մեծ պատերազմի մեջ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց. «Հիմա չկան բանակցություններ, անիմաստ է խոսել դրա մասին, լայնամասշտաբ պատերազմ է մեկնարկել, արդյոք մեր օրակարգում կա Արցախի անկախության ճանաչման հարցը: Բնականաբար դրա շարունակական հետեւանքներով, որից հետո  կլինի հանրաքվե եւ Արցախը կմիանա Հայաստանին եւ մենք այս թեման կփամենք հավիտյանս: Արդեն կա մեծ պատերազմ: Կա՞ մեր օրակարգում նման հարց, եւ արդյոք մենք գնում ենք դրան թե ոչ»:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ձեր հարցը երկու մասի բաժանեմ. Դուք մի քանի բան նշեցիք՝ ճանաչում, եւ հետո: Եկեք հետոյի մասին այս պահին որեւէ բան չասեմ: Իսկ ձեր ուղիղ հարցին, արդյոք կա այդպիսի հարց մեր օրակարգում, այո, ինչպես եղել է այդպիսի հարց մեր օրակարգում, այնպես էլ կա այդպիսի հարց: Երկրորդ հարցը՝ գնում ենք այդ քայլին, թե ոչ, մենք, այո, նաեւ ձեր հրապարակային հարցից հետո պետք է դա լրջորեն քննարկենք, եւ գործնականում հիմա գուցե հանրային քննարկումներ սկսվի: Մենք քննարկում ենք հնարավոր բոլոր սցենարները եւ մեծ հաշվով դուք ձեւակերպեցիք հարցերի շրջանակը»:

Մարուքյանը հիշեցրեց, որ 2016-ին ապրիլյան պատերազմից հետո ատռաջ եկավ Հայաստան-Արցախ ռազմաքաղաքական դաշինքի գաղափարը, որը այդպես էլ չարվեց. «Մեր զինանոցում մնացել էր Արցախի ճանաչման հարցը: Մենք ինչ-որ ունեինք կորցնելու, հիմա մեծ հաշվով դրա մեջ ենքԱյո, ես կոչ եմ անում Հայաստանում լայն քննարկումներ սկսել Արցախի ճանաչման հարցի եւ դրա հետագա լուծման առումով»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ այո, նույնը վերաբերում է նաեւ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի հարցին. «Այո, դա եղել է մեր օրակարգում,, հիմա օրակարգից տեղափոխվում է մեր քննարկումների սեղան: Պետք է հասկանանք, անում ենք այդ գործողությունը, թե չենք անում: Փաստարկները դնենք կշեռքին: Նաեւ որոշենք, թե այդ կշեռքի վրա ինչ ազդեցություն ենք ունենում»: