Ես այսօր եկել եմ այստեղ, որ ասեմ, որ մեր գեներալներն ու զինվորները պատրաստ են: Ես եկել եմ այստեղ ասելու, որ ես ինքս պատրաստ եմ: Ես պատրաստ եմ զոհվել հանուն Հայրենիքի: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրում ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հարցը քննարկելիս նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ հայ ժողովուրդը երբեք ծնկի չի գա:

«Նա հաստատակամ եւ ամուր կկանգնի իր հայրենի հողի վրա: Երբ մենք ասում ենք, որ զինվորներ ենք, ապա խոսում ենք բոլորի մասին՝ տարեցների եւ երիտասարդների, տղամարդկանց եւ կանանց, պաշտոնյաների եւ գործազուրկների. այսօր բոլորը պետք է նայեն միմյանց աչքերին եւ ասեն, որ պատրասստ են զոհվել հանուն Հայրենիքի»,-հայտարարել է Փաշինյանը:

Վարչապետը խոստացել է չնահանջել անգամ մեկ միլիմետր, քանի որ Հայաստանը պետք է հաղթի եւ այլ տարբերակ չկա:

Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարության որոշմամբ հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք: ԱԺ-ն պետք է միայն քննարկի այդ հարցը, սակայն օրենսդրական մարմինն այդ մասին որեւէ որոշում կայացնել չի կարող:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սկսել է հրետակոծել Արցախի բնակավայրերը, այդ թվում՝ Ստեփանակերտը:

Ներկայում հաղորդվում է հակառակորդի կողմից 10 տանկի, 1 հետեւակի մարտական մեքենայի, 4 ուղղաթիռի, 15 ԱԹՍ-ի, ինչպես նաեւ կենդանի ուժի կորստի մասին:

Նշենք, որ ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ Արցախի խաղաղ բնակչության շրջանում: