Պետք է հարց տալ՝ հայկական կողմը կարո՞ղ էր խուսափել ստեղծված իրավիճակից, եւ ի՞նչ պետք է անել դրանից խուսափելու համար: Այս մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ երկրում ռազմական դրություն հայտարարելու եւ ընդհանուր զորահավաք անցկացնելու հարցի քննարկման ժամանակ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Միաժամանակ, պատասխանելով իր իսկ հարցին, Փաշինյանը նշեց, որ դրա համար հայկական կողմը պետք է ինչ-որ բան անի, այն է` համաձայնի, որ Ղարաբաղը պետք է դառնա Ադրբեջանի ինքնավար մարզ:

«Եթե ոչ ինքնավար մարզ, ապա գուցե մի փոքր ավելի լիազորություններով: Եթե մենք սրա հետ համաձայն ենք, ապա հիմա ամեն ինչ կարող ենք կասեցնել: Ես ուզում եմ, որ Հայաստանի խորհրդարանն ուղղի դա, եւ ես ուղիղ հարց եմ տալիս՝ արդյոք մենք համաձա՞յն ենք այս որոշման հետ: Եթե այո, ապա մենք այսօր կարող ենք ուղղակիորեն լուծել այս հարցը»,- ասաց Փաշինյանը՝ դիմելով խորհրդարանականներին:

Ի պատասխան, պատգամավորները տեղից միաձայն բացականչեցին. «Ոչ, երբեք»:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։