Պետք է ճիշտ իրազեկել միջազգային գործընկերներին Ղարաբաղում տեղի ունեցողի մասին, հատկապես մեր արածաշրջանի համատեքստում: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրում ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հարցը քննարկելիս նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունն արդեն սկսել է արձագանքել իրավիճակին:

«Հիմնականում պաշտոնական ներկայացուցիչները հանդես են գալիս չեզոք հայտարարություններով, բացի Թուրքիայից, որը միանշանակ սրում է իրավիճակը եւ հայտ ներկայացնում հակամարտության մեջ ներքաշվելու, եթե արդեն ներքաշված չէ»,-ընդգծել է Փաշինյանը:

Ընդ որում՝ վարչապետը նշել է, որ ինքն ու Հայաստանի արտաքին գործերի նախարարը մշտապես կապ են պահպանում միջազգային գործընկերների հետ:

«Եթե անգամ բոլորին թվում է, որ մենք վերջնականորեն եւ անդառնալի կերպով կպարտվենք, մենք երբեք չենք ճանաչի մեզ որպես պարտություն կրածներ եւ երբեք չենք դադարի մեր քայլարշավը դեպի հաղթանակ: Հանուն հաղթանակի եւ ճշմարտության, հանուն ապագայի, հանուն արդարության եւ օրինականության: Եւ եթե մենք գործենք այդպես, մենք կհաղթենք. ես դա երաշխավորում եմ»,-հայտարարել է Փաշինյանը:

Հիշեցնենք, որ կիրակի Ադրբեջանի Զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման շուրջ խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի ռազմական դիրքերն ու Ղարաբաղի խաղաղ բնակչությանը: