Այո, բոլորս պատրաստ ենք զոհվելու, բայց հիմա ժամանակն է ոչ թե զոհվելու, այլ զոհելու. Մենք պետք է զոհենք մեզ վրա հարձակվողներին:  Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկլավար Էդմոն Մարուքյանը:

«Մենք այս պատերազմով պետք է լուծենք այս հարցը վերջնականապես: Կարծում եմ՝ մենք ինչ ունեինք կորցնելու, արդեն կորցրել ենք. մենք տարիներ շարունակ ասել ենք՝ եկեք փխրուն խաղաղությունը պահպանենք, քանի դեռ բանակցում ենք: Մենք հիմա ապրում ենք ուժեղների աշխարհում եւ աշխարհը նայում է, տեսնի, թե որ կողմը որքան կկարողանա հաջողություն գրանցել, կգա կարձանագրի արձանագրածը:

Նաեւ ես չեմ ուզում, որ այս պատերազմի համատեքստում մենք ունենանք խոսակցություններ, որ մենք կարող էինք էսինչ բանն անել, սպասում էինք հրամանի: Այսօր երբ ուժի մեջ է մտել ռազմական դրության մասին որոշումը, դուք ստանձնել եք գերագույն գլխավոր հրամանատարի առաքելությունը: Հետեւաբար տվեք ամբողջական հրամաններ, տվեք հրամաններ գնալ առաջ եւ բոլորով գնանք առաջ, որովհետեւ եթե մենք այս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել»,-ասաց նա:

«Ես նաեւ կոչ եմ անում շարժվել համապատասխան պլանով, ճանաչել Արցախի Հանրապետությունը իր հետեւանքներով»,-ընդգծեց Մարուքյանը: