Այժմ մենք հնարավորություն ունենք սկսել դատական գործընթաց ընդդեմ Ադրբեջանի: Այդ մասին սեպտեմբերի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ երկրում ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք հայտարարելու մասին հարցը քննարկելիս նշել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտմանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը հնարավորություն ունի բարձրաձայնել կյանքի իրավունքի խախտման մասին հարցը ՄԻԵԴ-ում:

«Ես համոզված եմ՝ մենք դա կանենք»,-հայտարարել է խորհրդարանականը:

Հարկ է նշել, որ Հայաստանի կառավարության որոշմամբ հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն եւ համընդհանուր զորահավաք: ԱԺ-ն պետք է միայն քննարկի այդ հարցը, սակայն օրենսդրական մարմինն այդ մասին որեւէ որոշում կայացնել չի կարող:

Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը: