Խստերեն դատապարտում ենք թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված հերթական ագրեսիան, որի թիրախում են հայտնվել արցախահայությունն ու Հայաստանը։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանի կոմունիստական կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Թշնամին թիրախավորել է ոչ միայն պաշտպանական դիրքերը, այլև քաղաքացիական օբյեկտներն ու խաղաղ բնակչությանը։ Ստեղծված իրավիճակում հարկավոր է դրսևորել ծայրաստիճան կազմակերպվածություն, վերջ դնել ներքաղաքական գզվռտոցին, դադարեցնել ընդդիմախոսների հանդեպ քաղաքական հետապնդումները և սատար կանգնել հայոց բանակին ու պետականությանը։

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը, գնահատելով Ռուսաստանի գործադրած ջանքերը, կոչով դիմում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, օգտագործելով իր հեղինակությունն ու կշիռը ևս, վերջ դնել այս արյունահեղությանը՝ հավատարիմ մնալով Ռուսաստանի կողմից որդեգրած, հայ ժողովրդին սատարելու, դարերի խորքից եկող քաղաքականությանը, դրանով իսկ կանխելով պանթուրքիզմի վտանգը»: