Ամերիկացի կոնգրեսականները դատապարտել են Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան եւ կրակի անհապաղ դադարեցման կոչ են արել։

«Ես մտահոգված եմ Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակմամբ։ Մենք պետք է դատապարտենք այդ ագրեսիան եւ Ադրբեջանին կոչ անենք դադարեցնել հարձակողական ռազմական գործողությունները ու վերադառնալ բանակցությունների սեղան։ Մենք պետք է դադարեցնենք Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնությունը եւ Թուրքիային կոչ անենք ձեռնպահ մնալ զենք կամ զինյալների ուղարկելուց»,- հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը։

Կոնգրեսական Թ․Ջ․ Քոկսը Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության անհապաղ դադարեցման կոչ է անում։ «Արցախի մայրաքաղաքի վրա Ադրբեջանի չհիմնավորված հարձակումներն արդեն կյանքեր են խլել։ Այս ագրեսիան եւս մեկ անգամ ապացուցում է, որ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Բաքվին իր ամեն տեսակի ռազմական օգնությունը։ Մենք պետք է Արցախի հայ բնակչության հետ համերաշխություն դրսեւորենք եւ ամենավճռական կերպով դատապարտենք Ադրբեջանի թշնամանքը։ #ArtsakhStrong #StopAliyev»,- գրել է Քոկսը Facebook-ում եւ Twitter-ում։

«Մի քանի ամիս շարունակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Արցախի եւ Հայաստանի դեմ օգտագործում էին ռազմական հռետորաբանություն ու սադրիչ գործողություններ։ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խումբը մշտապես Պետքարտուղարությանը այս վտանգավոր իրավիճակի ապաէսկալացիայի եւ ագրեսորներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային իրենց ապակայունացնող գործողությունների պատճառով պատասխանատվության ենթարկելու կոչ է արել։ Միացյալ Նահանգները պետք է կարեւոր դեր խաղա այս բռնության դադարեցման գոծում, եւ մենք պետք է արագ ու վճռական գործենք, որ կասեցնենք ագհրեսիայի այս ռազմատենչ դրսեւորումը»,- հայտարարել է  Ֆրենք Փալոն կրտսերը։

«Ես դատապարտում եմ տարածաշրջանում Ադրբեջանի չկշռադատված ռազմական հարձակումները։ Ադրբեջանը պետք է պատասխանատվության ենթարկվի իր ագրեսիվ գործողությունների համար, որոնք խափանում են խաղաղությունը։

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր՝ ԱՄՆ-ն պետք է առաջատար դեր խաղա հրադադարին հասնելու եւ հակամարտությունը կանխելու գործում՝ մինչեւ այդ վտանգավոր իրավիճակի ավելի մեծ սրումը»,- կարծում է կոնգրեսական Ջոշ Գոթհայմերը։