Եվրամիությունը տարածաշրջանի բոլոր խաղացողներին կոչ է անում նպաստել ղարաբաղյան հակամարտության գոտում դեէսկալացիային եւ խուսափել հակամարտության արտաքին միջամտությունից: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք հակամարտության կողմերին կոչ ենք անում դադարեցնել ռազմական գործողությունները, իսկ տարածաշրջանի բոլոր խաղացողներին` զերծ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ցանկացած միջամտությունից»,- ասել է նա:

«Մենք տեղյակ ենք Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի սիրիացի գրոհայինների (Սիրիայից Թուրքիայի կողմից տարհանված հակակառավարական կազմավորումների անդամներին - ՏԱՍՍ) տեղափոխելու մասին հաղորդագրություններին, բայց մինչ այժմ չենք տեսել որեւէ փաստ, որը կհաստատի այս տեղեկատվությունը: Սակայն այս համատեքստում մենք կարող ենք միայն կրկնել մեր կոչը՝ զերծ մնալ ցանկացած արտաքին միջամտությունից»,- հայտարարել է նա: