Այսօր գոյություն չունեն գործոններ, որոնք կարող են Հայաստանին հետ պահել Արցախի անկախության պաշտոնական ճանաչման հարցում։ Այս մասին սեպտեմբերի 28-ին ԱԺ արտահերթ նիստում ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա արձանագրեց, որ այս պահին բանակցություներ չկան։ «Ի՞նչն էր մեզ հետ պահում։ Միջազգային հանրությունը։ Որտե՞ղ է նա հիմա։ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ, ես, որպես խորհրդարանի պատգամավոր, իմ միջազգային գործընկերներին հայ զինվորների մասնատված մարմինների լուսանկարներ եմ ցույց տվել։ Նրանք ասում էին, որ այդ ամենն անչափ տխրեցնող է, բայց իրենց սուրճը սառչում է»,- նշեց Զոհրաբյանը։

Նա նաեւ հիշեցրեց, որ Թուրքիան ի սկզբանե հայտարարել է Ադրբեջանին իր աջակցության մասին։ «Եթե ուշադրություն դարձնեք, ապա Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն անմիջապես հայտարարեց Ադրբեջանին իր սատարման մասին, եւ նա ամեն րոպե իր աջակցության մասին խայտառակ հայտարարություններ է կատարում։ ՆԱՏՕ-ի ամենախոշոր բանակներից մեկը հիմա մասնակցում է այս պատերազմին»,- շեշտեց պատգամավորը։

Զոհրաբյանը համարում է, որ յուրաքանչյուր պատգամավորի բարոյական պարտքն է բարձրացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին հարցը։ «Եթե անհրաժեշտություն կա, ապա մենք կարող ենք գումարել խորհրդարանի փակ նիստ եւ քննարկել, թե մեզ այսօր հատկապես ինչ գործոններ են կարող խանգարել Ղարաբաղի անկախության ճանաչման համար։ Սա անչափ կարեւոր հարց է, եւ այն պետք է լինի մեր օրակարգում»,- ընդգծեց խորհրդարանականը։