Թուրքիայի աջակցությամբ գործող սիրիացի զինյալների խմբավորումներից մեկը կիրակի երեկոյան ժամանել է Ադրբեջան, հայտնում է Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարանը» (SOHR)՝ վկայակոչելով «շատ հավաստի աղբյուրների»: Այս խումբը Թուրքիա է ժամանել այս շաբաթվա սկզբին: Ըստ SOHR-ի՝ էլի կան մարտիկներ, որոնք սպասում են տեղակայման:

Կիրակի օրը Sputnik Turkish-ի լրագրող Էրկին Օնկանը, վկայակոչելով «ադրբեջանական աղբյուրներին», տեսանյութ է հրապարակել, որում երեւում է, թե ինչպես են TFSA շարասյուները շարժվում դեպի Լեռնային Ղարաբաղ:

Ավելի վաղ լրագրող Լինդսի Սնելը հրապարակոել էր գրառումներ, որ այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» (TFSA)՝ Թուրքիայի կողմից աջակցություն ստացող շուրջ 1000 անդամներ պետք է ուղարկվեն Ադրբեջան՝ ավելացնելով, որ նրանց մի մասն արդեն կարող է այնտեղ լինել:

Սնելը ասել է, որ Համզայի ջոկատի անդամները երեքշաբթի ժամանել են Բաքու:

Բազմաթիվ մրցանակների դափնեկիր լրագրող Լինդսի Սնելը, ում ժամանակին Սիրիայի հյուսիսում առեւանգել էին Թուրքիայի կողմից աջակցվող ահաբեկիչները, ով այնուհետեւ Սիրիայից փախչելուց հետո երկու ամսվա ընթացքում նետվել էր թուրքական բանտ, Twitter-ում գրել է, որ Համզայի դիվիզիայի մարտիկները Բաքու են ժամանել Թուրքիայի տարածքով, գրում է Greek City Times-ը։

Այս տարեսկզբին, Լիբայի պատերազմի սրումից հետո, Համզայի դիվիզիան հիմնական մարտական խմբերից էր, որին Թուրքիան տեղափոխեց այդ երկիր: Խոստացված ամսական 2000 դոլարի չափով աշխատավարձը գաղթակղիչ էր սիրիացի ջիհադիստների համար, սակայն, ինչպես ասել է Ադնանը՝ Համզայի ստորաբաժանման առաջնորդը. «Այժմ մենք ցավում ենք, որ եկել ենք: Մեր վճարած գինը շատ բարձր է»:

Ինչպես նաեւ հրապարակվել է ձայնագրություն, որում գրոհայիններից մեկը պնդում է, որ մինչեւ 1000 գրոհային է տեղափոխվել Ադրբեջան: Syriana Analysis լրատվականի հիմնադիր, ազգությամբ հայ Գեւորգ Ալմասյանը՝ վկայակոչելով սիրիական ընդդիմության աղբյուրները, հայտնել է, որ ջիհադիստներին առաջարկում են ամսական 600 դոլար աշխատավարձ՝ Ադրբեջանի կողմից կռվելու համար: