Արդեն վաղուց Ադրբեջանում եւ Հայաստանում ավելորդ քաղաքական կոռեկտությամբ չեն մտահոգվում եւ Լեռնային Ղարաբաղում իրենց ուժերի շփման գիծն անվանում են ճակատի գիծ։ Սակայն այնտեղ ներկայիս ռազմական սրումը սովորականի շրջանակից դուրս է եկել։ Տեղեկատվական հաղորդագրությունները հայտնում են խփված ուղղաթիռների, անօդաչուների, հրթիռային հարվածների մասին, նշում է ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը Քարնեգի մոսկովյան կենտրոնի պորտալում։

«Այնտեղ ռազմական գործողությունների այսպիսի սրընթաց էսկալացիա չէր եղել 2016 թվականի ապրիլից։ Բավական է ասել, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում, թե՛ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն, ինչը չի եղել 4 տարի առաջ։ Այդ ժամանակ չեն գնդակոծել նաեւ Ստեփանակերտը։

Այդուհանդերձ, ներկայիս իրադարձությունները դժվար է անվանել լիակատար անսպասելիություն։ Հուլիսյան սրացումից հետո, որը չնայած սովորությանը, տեղի ունեցավ ոչ թե շփման գծում, այլ հայ-ադրբեջանական ահմանին, այնպիսի զգացողություն մնաց, որ ռազմական դիմակայության մեջ պարզապես դադար է տրվել։

«Ղարաբաղյան ճոճանակը», երբ ռազմական էսկալացիաները փոխարինվում են ռաունդային բանակցություններով, այս անգամ կարծես թե խափանում է ունեցել։ Ի տարբերություն 2016 թվականի քառօրյա պատերազմի, երբ սրման արդեն 5-րդ օրը սկսեցին իրավիճակն ակտիվորեն վերադարձնել դիվանագիտական դաշտ, այս ամռանն այդպիսի բան տեղի չունեցավ։

Կարելի է, իհարկե, հիշել առաջին հերթին ռուսական դիվանագիտության ակտիվությունը՝ ուղղված այն բանին, որ նվազեցվեն սահմանին ռազմական տագնապի ռիսկերը։ Շփումները գործարկվել են ե՛ւ ԱԳՆ ավանդական խողովակներով, ե՛ւ Պաշտպանության նախարարության խողովակներով։ Ռուսաստանի ջանքերը Արեւմուտքի կողմից փաստացի աջակցություն ստացան, անգամ հակամարտության երկու կողմերը Մոսկվայի միջնորդությունն ընդհանուր առմամբ դրական ընկալեցին։

Սակայն այդպես էլ տեղի չունեցավ թեկուզ խորհրդանշական մակարդակում հայ-ադրբեջանական բանակցությունների վերսկսում։ Կորոնավիրուսին հղումներն այնքան էլ համոզիչ չէին հնչում․ այդ օրերին համավարակը չի խանգարել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների արտասահմանյան մյուս շփումներին։ Չնայած հազիվ թե դրանք կարելի էր դիտարկել որպես բանակցությունների վերսկսման ջանքեր։

Ներկայիս մասշտաբային էսկալացիան ունի նաեւ այլ առանձնահատկություններ։ Օրինակ՝ թուրքական ակտիվության ուժեղացումը։ Հուլիսյան բախումներից կարճ ժամանակ անց սահմանին տեղի ունեցան Ադրբեջանի եւ Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժություններ։ Անկարայի ներկայացուցիչները սկսեցին ակտիվորեն արտահայտվել խաղաղ գործընթացի անարդյունավետության մասին, իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ 75-րդ Գլխավոր վեհաժողովում, Հայաստանին ընդհանրապես անվանեց Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության գլխավոր խոչընդոտ։ Սա դեռեւս չի նշանակում, որ նոր էսկալացիան սադրել է Թուրքիան, բայց որոշակիորեն ավանդ ունեցել է բանակցությունների լճացման ֆոնին Ադրբեջանի դիրքորոշման խստացման հարցում։

Բաքվի դիվանագիտական գծի մեջ փոփոխություններն իսկապես զգալի են։ Սահմանին հուլիսյան էսկալացիայի ժամանակ հրաժարական ներկայացրեց Ադրբեջանի ԱԳ բազմամյա նախարար Էլմար Մամեդյարովը։ Նրան փոխարինեց կրթության նախկին նախարար Ջեյհուն Բայրամովը, որը զգալի դիվանագիտական փորձ չունի։ Մեծացավ նաեւ Իլհամ Ալիեւի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիեւի ապարատային դերը։

Սակայն հարցը ոչ թե նոր նշանակումներն են, այլ Մամեդյարովի հեռացումը: Վերջին երկու տարիներին նա գլխավոր լավատեսներից էր՝ այն առնչությամբ, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Այն բանից հետո, երբ 2018 թվականին Հայաստանում իշխանությունը փոխվեց, Բաքվում հույսեր արթնացան, որ նոր վարչապետ Փաշինյանը, ով կապ չունի Ղարաբաղի հետ եւ կռվում է «ղարաբաղյան կլանի» (թե արդյոք այն գոյություն ունի, այլ հարց է) հետ, կարող է ինչ-որ նոր գիծ մտցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

Արդարության համար պետք է ասել, որ նման հույսեր կային ոչ միայն Մամեդյարովի, այլ նաեւ Արեւմուտքում մի շարք ազդեցիկ փորձագետների ու դիվանագետների մոտ: Եվ նույնիսկ Հայաստանի ներսում Փաշինյանի ընդդիմախոսները փորձում էին նրան «սորոսական փողերի դիմաց ազգային շահերի դավաճանի» պիտակ կպցնել:

Սակայն իրականում ՀՀ նոր ղեկավարը Ղարաբաղի հարցում է՛լ ավելի կոշտ դիրքորոշում զբաղեցրեց: Օրինակ՝ նրա պահանջները, որպեսզի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչները մասնակցեն բանակցություններին, կամ էլ հայտարարությունը, թե «Ղարաբաղը Հայաստան է»:

Հուլիսյան բախումներից հետո շփման գծում Ադրբեջանն էլ ավելի կոշտ դարձավ: Առավել եւս, որ ադրբեջանական կողմին ձեռնտու չէ ստատուս քվոն: Բաքուն երբեք չի բացառել, որ կարող է փորձել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով:

Ներկայիս սրման պատճառը բանակցային գործընթացի սառեցումն է: Հայ-ադրբեջանական կոնֆլիկտում երբեք այսքան կարճ դադարներ չեն եղել մասշտաբային ռազմական գործողությունների միջեւ: Նույնիսկ 2016 թվականի քառօրյա պատերազմին նախորդեց գրեթե 4 ամիս տեւած հրադադար: Այժմ մենք տեսնում ենք դիմակայության 2 գագաթնակետ. մեկը՝ շփման գծից 300 կմ հեռավորության վրա, մյուսը՝ հենց Լեռնային Ղարաբաղում:

Սցենարները կարող են լինել մի քանիսը: Ամենահավանականը պայքարն է ոչ մեծ ու ոչ այդքան կարեւոր տարածքների համար, որպեսզի հնարավոր լինի սիմվոլիկ «հաղթանակ» սահմանել եւ բարենպաստ հասարակական ֆոն ստեղծել: Սակայն նման ռազմավարությունը կատարյալ է միայն տեսականորեն: Ընդդիմախոսներն այդ հաշվով այլ կարծիք ունեն, եւ դիմակայության նոր փուլն անխուսափելի է:

Պետք չէ բացառել, որ լարվածության սրումը բանակցությունների նախապատրաստման մաս է, որն անհրաժեշտություն է:

Ամեն դեպքում, ինչ տրամաբանություն էլ լինի, մի բան ակնհայտ է. ղարաբաղյան հակամարտության գործընթացում ռազմական ուժի գործոնի նշանակությունն օրեցօր աճում է: Եթե մոտ ժամանակներս ղարաբաղյան ճոճանակը չշտկվի, եւ այն ռազմական կետից դիվանագիտական կետի չփոխվի (թեկուզեւ հետագայում հնարավոր հետընթացով), ապա այն կարող է վերջնականապես կոտրվել: Եվ այդ ժամանակ եւս մեկ տարածաշրջանային պատերազմի վերսկսման հեռանկարը կդադարի լինել միայն փորձագետների սցենարային մշակում»: