Եվրոպայի խորհուրդը (ԵԽ) ակնկալում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) շուտով որոշում կկայացնի միջանկյալ միջոցներ ձեռնարկելու Երեւանի հայցի վերաբերյալ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին երկուշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Դանիել Հոլթգենը:

«ՄԻԵԴ-ը Հայաստանից հայց է ստացել միջանկյալ միջոցներ կիրառելու վերաբերյալ` դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն»,- ասել է նա: «Ես դեռ չեմ կարող ասել, թե երբ կկայացվի այս դիմումի որոշումը, բայց ես ակնկալում եմ, որ դա տեղի կունենա շուտով»,- ընդգծել է Հոլթգենը:

ՄԻԵԴ կանոնակարգի 39-րդ հոդվածի համաձայն, կողմերից մեկի պահանջով դատարանը «կողմերին կարող է մատնանշել ցանկացած նախնական միջոց, որն անհրաժեշտ կհամարի»:

Կիրակի օրը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչությունը հաղորդել էր, որ Երեւանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան` խնդրելով ժամանակավոր միջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ` կապված Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման հետ: Ժամանակավոր կամ ապահովող միջոցները արգելում են պատասխանողին կատարել այնպիսի գործողություններ, որոնք կարող են անուղղելի եւ միեւնույն ժամանակ էական վնաս վնաս պատճառել դիմումատուին կամ քաղաքացիների պաշտպանված շահերին:

Հիշեցնենք, որ կիրակի օրը Ադրբեջանի զինված ուժերը, կոպտորեն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքի գործող նորմերը եւ հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, օգտագործելով հրթիռահրետանային միջոցներ եւ ավիացիա, շփման գծի ողջ երկայնքով անցել են հարձակման՝ թիրախավորելով Ղարաբաղի ՊԲ մարտական դիրքերը եւ խաղաղ բնակավայրերը։