Արցախի եւ Ադրբեջանի սահմանի ողջ երկայնքով մարտական գործողությունները շարունակվում են տարբեր ինտենսիվությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ճեպազրույցի ժամանակ նշեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով, նորից կիզակետում են Հյուսիսային եւ Հարավային ուղղությունները: «Այսօր առավոտյան Ադրբեջանը հրետանու միջոցների մեծաքանակ կիրառությամբ, այդ թվում նաեւ հրանետային միջոցների կիրառմամբ նոր հարձակումներ է սկսել, որոնք հայկական ԶՈՒ-երը հաջողությամբ հետ են մղում՝ հակառակորդին պատճառելով զգալի կորուստներ:

Մասնավորապես, րոպեներ առաջ Արցախի ՊԲ-ն հրապարակեց տեսանյութերով հիմնավորված տեղեկություն, որ հարավային ուղղությամբ բավականին լայնածավալ հարձակողական գործողությունները հետ են մղվել տանկային ստորաբաժանումներով եւ այդ ընթացքում Ադրբեջանի զինուժը կորցրել է եւս 10-11 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր: Հետ են շպրտվել ելման դիրքեր եւ այդ ուղղությամբ հիմա համեմատաբար հանգիստ է, ընթանում են թեթեւ մարտեր: Այլ ուղղություններով ընթանում են մարտեր:

Հրետանու կիրառությունը բավականին մեծ էր օրվա ընթացքում: Հրետակոծվել են հյուսիսային ուղղության բնակավայրերը, մասնավորապես Մարտակերտը: Մարտակերտում եւ հարակից բնակավայրերում կրակի տակ են ընկել նաեւ լրատվամիջոցների ներկայացուցիչները»,-ասաց Հովհաննիսյանը:

Նա հավելեց, որ հակառակորդի կորուստները ճշտվում են, լրացուցիչ կհայտնեն:

«Վիրավորներ են տեղափոխվել Հայաստանի հիվանդանոցներ ու հոսպիտալներ: Վիրավորների մեծ մասն ունի թեթեւ վիրավորումներ, շատերը վերադարձել են շարք»,- ընդգծեց ՊՆ ներկայացուցիչը: