Թուրքիան Ղարաբաղի դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայի անմիջական մասնակից է: Այս մասին սեպտեմբերի 28-ին կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Նրա խոսքերով, երեկվանից Հայաստանի ամբողջ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով: Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը մոտ երկու տասնյակ հեռախոսազրույց է ունեցել իր գործընկերների հետ, վարչապետն՝ իր մակարդակով: «Սա չպետք է ընդունվի որպես միանվագ հեռախոսային խոսակցություններ: Բանն այն է, որ Հայաստանը մշտական կապի մեջ է միջազգային հանրության հետ, տեղեկացնում է տարածաշրջանում ապակայունացման սպառնալիքի մասին: Միջազգային հանրության կողմից եղավ հստակ արձագանք` ուժի գործադրման դատապարտում եւ կայունությունը խաթարելու փորձեր: Հանդիպելով համաշխարհային հանրության այս դիրքորոշմանը՝ Բաքուն դիմեց ավանդական քաղաքականության՝ մեղադրելով Հայաստանին ագրեսիայի մեջ: Սա առաջին անգամը չէ, որ բախվում ենք դրան: Մենք ունենք անառարկելի փաստեր այն մասին, թե ով է սկսել ռազմական գործողությունները: Երկար տարիներ, կոպտորեն խախտելով հրադադարի համաձայնագիրը եւ մերժելով միջադեպերի հետաքննման մեխանիզմներ ներդնելու առաջարկը, Ադրբեջանը, ըստ էության, ցույց է տալիս, որ իր բոլոր գործողությունները նման ծրագրերը քողարկելու համար են, եւ միշտ պատրաստել է նման ագրեսիայի»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Մամուլի քարտուղարը հայտարարեց, որ Իլհամ Ալիեւը փաստացի հրաժարվել է խաղաղ կարգավորումից: Թուրքիան, որը միշտ աջակցել է Ադրբեջանին, այս անգամ գործել է որպես նոր մասնակից՝ որպես անմիջական մասնակից: Թուրք հրահանգիչները գործնական օգնություն են ցուցաբերում ադրբեջանական բանակին, տեղեկություններ կան Թուրքիայի կողմից Ադրբեջան վարձկաններ տեղափոխելու մասին, օգնությունը տրամադրվում է զենքով եւ տեխնիկայով: Ըստ մամուլի քարտուղարի, դա թույլ է տալիս պնդել, որ Արցախի ժողովուրդը պայքարում է ադրբեջանա-թուրքական տանդեմի դեմ: Ավելին, վերջինս շարունակում է հարյուր տարի առաջ սկսված ցեղասպան քաղաքականությունը՝ Ադրբեջանին ներգրավելով դրանում: Սակայն, ինչպես ընդգծեց Աննա Նաղդալյանը, Հայաստանն ու Արցախը կօգտագործեն բոլոր հնարավորությունները եւ վճռական են դիմակայելու հարցում:

Նա նաեւ ասաց, որ գործընկեր երկրները տեղեկացված են Թուրքիայի գործողությունների մասին, ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ համանախագահող երկրների հետ: