Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ընդհատելով հայրապետական այցը Իտալիայի Հանրապետություն եւ վերադառնալով հայրենիք, սեպտեմբերի 28-ի առավոտյան հանդիպել է հրավիրյալ եպիսկոպոսների եւ թեմակալ առաջնորդների հետ։

Հանդիպումը սկսվել է միասնական աղոթքով եւ Հայոց Հայրապետի «Պահպանիչ» աղոթքով։

Նորին Սրբությանը նախ զեկույցներ ներկայացվել են Արցախում տիրող իրավիճակի եւ արցախա-ադրբեջանական շփման գծի երկայնքով ծավալվող ռազմական գործողությունների մասին։

Իր հերթին Ամենայն Հայոց Կաթողիկոսը տեղեկություններ է փոխանցել Վատիկանում սեպտեմբերի 27-ին Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հետ կայացած հանդիպման վերաբերյալ, անդրադարձել է նույն օրը Հայաստանի եւ Արցախի ղեկավարների հետ ունեցած հեռախոսազրույցներին։

Վեհափառ Հայրապետը տեղեկացրել է Քույր Եկեղեցիների հովվապետերին, կրոնապետերին եւ մի շարք երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ միջազգային եւ միջեկեղեցական կազմակերպությունների պատասխանատուներին ղարաբաղյան հակամարտության՝ Արդբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների վերաբերյալ գրություններ առաքելու մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Մայր Աթոռի կառույցների եւ թեմերի կողմից առկա կացության առնչությամբ ձեռնարկվելիք քայլերը՝ ի զորակցություն Արցախի եւ հայոց բանակի։

Թեմակալ առաջնորդներին փոխանցվելու է Նորին Սրբության թելադրությունը՝ մասնավոր հովվական խնամք եւ հոգատարություն ցուցաբերել մարտի դաշտում քաջաբար զոհված զինվորների սգացյալ ընտանիքներին, եկեղեցականների այցելություններ կազմակերպել հիվանդանոցներ՝ տեսակցելու վիրավոր զինվորներին եւ նրանց ընտանիքներին։ Կարեւոր նկատվել է թեմերում հոգեւոր հովիվների քաջալերությունը եւ զորակցությունը զինվորագրվող եւ Արցախ մեկնող կամավորական խմբերին։ Շրջաբերական առաքվելու է նաեւ սփյուռքի թեմակալ առաջնորդներին՝ հայրենիքին ըստ ամենայնի զորակցելու ցուցումներով։

Որոշվել է սեպտեմբերի 29-ին՝ ժամը 17։00-ին, Սուրբ Գայանե վանքում կատարել Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի՝ Հայաստան եւ Արցախ աշխարհի խաղաղության եւ անսասանության համար։

Ձեռնարկվելիք մնացյալ քայլերի մասին կծանուցվի առաջիկայում։