Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի ախտորոշման 120 միլիոն թեստ կտրամադրի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինձ հաճույք է պատճառում տեղեկացնել, որ ԱՀԿ-ի, գործընկերների եւ այլ շահագրգիռ կողմերի միջեւ այսօր ձեռք բերված համաձայնության շնորհիվ COVID-19-ի ախտորոշման արագ թեստերի զգալի մասը` 120 միլիոն, կտրամադրվի ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրների համար»,- ասել է գործադիր տնօրենը: Նա պարզաբանել է, որ այս թեստերը թույլ են տալիս վարակի ախտորոշում անցկացնել ընդամենը 15-30 րոպեում:

ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ այս քայլը, որը հնարավոր է դարձել երկու արտադրող ընկերությունների հետ համաձայնագրի շնորհիվ, «թույլ կտա ընդլայնել թեստավորումների անցկացումը հատկապես դժվարամատչելի տարածքներում, որտեղ չկան լաբորատորիաներ կամ բավարար քանակությամբ վերապատրաստված բուժաշխատողներ»: Սա հատկապես կարեւոր է «COVID-19-ի բարձր փոխանցմամբ շրջանների համար», - նշել է Գեբրեյեսուսը:

«Որքան արագ հնարավոր լինի ախտորոշել COVID-19-ը, այնքան շուտ կարելի է սկսել բուժումը, ինչպես նաեւ վիրուսով վարակվածների մեկուսացումը եւ շփումների գրանցումը»,- ասել է նա: ԱՀԿ ղեկավարի խոսքով` 120 միլիոն արագ թեստը պետք է արտադրվի կես տարվա ընթացքում: Յուրաքանչյուր թեստ կարժենա 5 դոլարից ոչ ավել: