Եթե ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգելու վերաբերյալ միջնորդություն չներկայացներ, ապա դատական նիստը կկայանար ռազմական դրության պայմաններում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը։

Նշենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է, քանի որ Սեյրան Օհանյանը մեկնել է Արցախի Հանրապետություն։

«Այսօր դատավոր Աննա Դանիբեկյանի կազմից զանգահարեցին եւ տեղեկացրին, որ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը միջնորդություն է ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու. պարոն Օհանյանը մեկնել է Արցախ։ Սա է եղել միակ հիմքը, որ այսօրվա դատական նիստը հետաձգվել է։ Մենք գտնվելով ռազմական դրության մեջ, պատերազմական վիճակում, մեր հերոսների նահատակման պայմաններում պետք է դատական նիստ ունենայինք։ Այդ դատական նիստին էլ պիտի մասնակցեին Արցախի Հանրապետության առաջին նախագահ, երկու գեներալ-գնդապետեր։ Կարծում եմ, որ դրանից շահելու էր միայն թշնամին, եթե նման պատկեր տեսներ»,- ասաց պաշտպան Վարդեւանյանը։

Նրա խոսքով՝ դատարանն ուներ բոլոր հնարավորությունները եւ գործիքակազմը ի սկզբանե սույն դատական նիստն իր նախաձեռնությամբ հետաձգելու համար. «Այսօրվա դրությամբ բոլոր պաշտպաններն էլ զորակոչի ենթակա են։ Բոլորս սպասում ենք մեր կողմից պարտականությունների կատարմանը։ Մենք մի քանի օր է պատերազմական իրավիճակում ենք։ Փառք ու պատիվ մեր զինվորներին, մեր հերոսներին, մարտիրոսվող երիտասարդներին»։

Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ երբ Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց, Բարձրագույն դատական խորհուրդն անմիջապես հայտարարությամբ հանդես եկավ՝ դատական նիստերի կայացման, հետաձգման վերաբերյալ. «Ռազմական դրությունն իրենից ենթադրում է էլ ավելի մեծ իրավական վիճակի փոփոխման»։