Նյու Դելին պատրաստ չէ ընդունելու Հնդկաստանն ու Չինաստանը բաժանող  փաստացի ստուգման գծի (ՓՍԳ) տարբերակը, որը Պեկինը որոշել է միակողմանի կարգով, քանի որ այդ սահմանային գծի որոշման համար անհրաժեշտ է փոխըմբռնում։ Այս մասին նշված է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անուրագ Շրիվասթավայի հայտարարության մեջ, որն այսօր հրապարակվել է Հնդկաստանի ԱԳՆ կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Հնդկաստանը երբեք չի ընդունել 1959 թվականի, այսպես կոչված, փաստացի ստուգման գիծը, որը որոշվել է միակողմանի կարգով։ Այդ դիրքորոշումը եղել է հետեւողական եւ լավ հայտնի, այդ թվում՝ չինական կողմին»,- նշված է հայտարարության մեջ։

Շրիվասթավան նշել է, որ Հնդկաստանն ու Չինաստանը պայմանագրերի եւ երկկողմ համաձայնագրերի շարքով պարտավորվել էին ՓՍԳ հարցը քննարկել ընդհանուր ըմբռնման հասնելու եւ այդ գծի համաձայնեցման համար։ Հնդկական կողմի կարծիքով՝ ՓՍԳ քննարկման եւ ճշգրտման շուրջ բանակցությունները շարունակվել են մինչեւ 2003 թվականը։ «Սակայն այդ գործընթացը չի կարողացել շարունակվել, քանի որ չինական կողմը այն անցկացնելու պատրաստակամություն չի դրսեւորել»,- նշել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ «Ուստի այն, որ չինական կողմը պնդում է ՓՍԳ միայն մեկ տարբերակի առկայության մասին, հակասում է այդ համաձայնագրերի շրջանակում Չինաստանի ստանձնած պաշտոնական պարտավորություններին»,- շեշտել է երկրի ԱԳՆ ներկայացուցիչը։

Շրիվասթավան հավաստել է, որ հնդկական կողմը միշտ հարգել է եւ հետեւել ՓՍԳ-ին։ «Ինչպես վերջերս խորհրդարանում հայտարարեց Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթհ Սինգհը, հենց չինական կողմն է Արեւմտյան հատվածի տարբեր տեղամասերում ՓՍԳ-ն խախտելու իր փորձերով աշխատել ստատուս քվոն միակողմանի կարգով փոխել»,- ասել է նա։

«Վերջին մի քանի ամիսներին չինական կողմը բազմիցս հաստատել է, որ սահմանամերձ շրջաններում ներկակիս իրավիճակը պետք է կարգավորվի 2 երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերին համապատասխան։ Սեպտեմբերի 10-ին երկրի ԱԳ նախարարի եւ նրա չինացի գործընկերոջ ձեռք բերած համաձայնագրում չինական կողմը նաեւ հաստատել էր իր հանձնառությունը բոլոր գոյություն ունեցող համաձայնությունների պահպանմանը։ Ուստի մենք հուսով ենք, որ չինական կողմը ազնվորեն եւ բարեխղճորեն կհետեւի բոլոր համաձայնագրերի եւ պայմանավորվածությունների ամբողջ ծավալին ու կխուսափի ՓՍԳ չհիմնավորված եւ միակողմանի մեկնաբանումից»,- հավելել է Հնդկաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։

Հնդկաստանը եւ Չինաստանը բաժանող փաստացի ստուգման գծում հնդկական միութենական Լադաքհ տարածքի արեւելյան հատվածի իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ մայիսին եւ հունիսին այնտեղ տեղի ունեցան չինացի եւ հնդիկ զինծառայողների բախումներ։ Այդ ժամանակ զոհվեց Հնդկաստանի ոչ պակաս 20 զինծառայող, եւ տարբեր տվյալներով՝ մինչեւ 45 չինացի զինվորական։ Դրանից հետո Նյու Դելին եւ Պեկինը այդ շրջանում մեծացրին իրենց զորքերի խտությունը։ Երկու կողմերը միմյանց մեղադրեցին սահմանին սանդրանքների մեջ։