ԱՄԷ-ն նախատեսում է 2024 թվականին անօդաչու տիեզերանավ ուղարկել Լուսին:

Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամմեդ բեն Ռաշիդ ալ Մակտումի հայտարարությունը, որը նաեւ ԱՄԷ-ի փոխնախագահն ու վարչապետն է, վկայում է նրա պատվին անվանակոչված տիեզերական ծրագրի արագ ընդլայնման մասին, հաղորդում է AP-ը:

Էմիրությունների տիեզերական նավն արդեն թռչում է դեպի Մարս, իսկ անցյալ տարի ԱՄԷ-ն իր առաջին տիեզերագնացին է ուղարկել Միջազգային տիեզերակայան:

«Դա կլինի Էմիրությունների արտադրության լուսնագնաց, որը 2024 թվականին վայրէջք կկատարի Լուսնի մակերեւույթի այն տարածքներում, որոնք նախկինում չեն ուսումնասիրվել»,- Twitter-ում գրել է շեյխ Մուհամմեդը։

2024 թվականին հաջողության հասնելու դեպքում ԱՄԷ-ն կարող է դառնալ երկրագնդի չորրորդ երկիրը, որը Լուսնի վրա տիեզերանավ կիջեցնի՝ ԱՄՆ-ից, Խորհրդային Միությունից եւ Չինաստանից հետո: Անցյալ տարի Հնդկաստանի տիեզերանավը փորձել է այնտեղ վայրէջք կատարել, սակայն՝ անհաջող:

Դեպի Լուսին հաջող առաքելությունը կարեւոր քայլ կլինի ԱՄԷ-ի համար՝ տիեզերքում ապագա որոնելու գործում: ԱՄԷ-ն իր առջեւ 2117 թվականին Մարսի վրա մարդկային գաղութ կառուցելու հավակնոտ նպատակ է դրել: