Պատերազմական գործողությունները Արցախա-ադրբեջանական ռազմաճակատի ամբողջ երկարությամբ ինտենսիվ մարտական գործողությունները շարունակվել են նաեւ հրադադարի խախտման երրորդ օրը։ Հակառակորդը զրահատանկային ստորաբաժանումների ներգրավմամբ ձեռնարկել է գրոհներ հյուսիսային և հյուսիս արևելյան ուղղություններով: Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել է, որ Պաշտպանության բանակը հաջողությամբ մարտ է վարում՝ հուժկու հարվածներ հասցնելով հակառակորդի հարձակվող ստորաբաժանումներին: Անցած երեք ժամվա ընթացքում հակառակորդը կորցրել է ևս 12 տանկ: Հակառակորդի մյուս կորուստների թիվը ճշտվում է:

Հայաստանի տարածքը եւս թիրախավորելու նպատակով վաղ առավոտյան Ադրբեջանը կեղծ տեղեկություն փորձեց տարածել, թե իբր Վարդենիսի կողմից հրետակոծության տակ է հայտնվել իրենց Դաշքեսանի շրջանը։ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ այդ ապատեղեկատվությունը բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստել մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ Հայաստանի դեմ ագրեսիա իրականացնելու համար:

Վաղ առավոտյան Արցախի ուղությամբ վերսկսած մարտերում հակառակորդն  առանձին ուղղություններով օգտագործում է ՏՕՍ-1Ա ծանր հրանետային համակարգեր: Հայաստանի պաշտպանության նախարարությունը զգուշացրել է, որ հայկական զինված ուժերը ստիպված են օգտագործել մեծ մակերեսների վրա կրակային խոցման և դրա արդյունքում կենդանի ուժի, ինչպես նաև շարժական և անշարժ գույքի ոչնչացման մեծ ազդեցություն ունեցող սպառազինության տեսակներ:

Մինչ այդ՝ առավոտյան հարավային ուղղությամբ հայկական ուժերը ոչնչացրել են  հակառակորդի գրոհող զրահատեխնիկայի խումբ:

Այսօր մարտեր են ընթացել նաեւ օդում, որոնք վկայել են Հայաստանի դեմ Թուրքիայի ուղղակի ագրեսիայի մասին։ Հայ ահակաօդայիններին օդից պաշտպանող հայկական Սու-25 գրոհիչը խոցվել է Թուրքիայի F-16 բազմաֆունկցիոնալ կործանիչից: Օդաչուն, ցավոք, հերոսաբար զոհվել է:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը առավոտյան հայտնել է, որ Հայաստանի տարածքը ադրբեջանական ագրեսիային ենթարկվում է երեկվանից։  Մարտերը շարունակվում են, սպասեք մեր հուժկու պատասխանին»,-ասել է  Հովհաննիսյանը եւ ավելացրել. քանի որ սա սուրբ հող է, քանի որ նահանջի տեղ չունենք, քանի որ կամավորները իրար հերթ չեն տալիս գրանցվելու, քանի որ նախարարների որդիները կամավոր են գրվում:

Ավելի ուշ Արծրուն հովհաննիսյանը  տեսանյութ է տարածել, թե ինչպես են մեր զինված ուժերը խոցում  ադրբեջանական «Орбитер-1K» անօդաչու թռչող սարքը:

Հաջորդիվ տարածված տեսանյութում երեւում է թե ինչպես է հետ մղվում ադրբեջանական ստորաբաժանման գրոհը: Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերից մեկը գրոհելու ձախորդ փորձից հետո ադրբեջանցիները կորուստներ տալով  փախուստի են դիմում:

Հերթական կադրերն էլ պատկերում են ադրբեջանական հենակետերի և զրահատեխնիկայի ոչնչացումը:

Իգլայով էլ հայկական զորքերը հակառակորդի երկու ուղղաթիռ են վայր գցել։

Հրապարակվել է նաեւ Վարդենիսում ադրբեջանական ԱԹՍ-ի կողմից խոցված քաղաքացիական ավտոբուսի այրվելու կադրերը։ Թշնամին թիրախավորում է խաղաղ բնակչությանը, քաղաքացիական օբյեկտներն ու ենթակառուցվածքները, հայտնել է Արծրուն Հովհաննիսանը:

Դրանից հետո տարածվել են ադրեջանական գրոհային ուղղաթիռի ոչնչացման կադրերը։ Կեսօրի դրությամբ՝ Արցախի զինուժն ընդհանուր առմամբ ոչնչացրել է հակառակորդի 6 ուղղաթիռ, 60 անօդաչու թռչող սարք, 85 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ:

Հակառակորդը տվել է ավելի քան 370 զոհ, մի քանի հարյուր վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 84 զոհված և մոտ 200 վիրավոր, նրանցից 80-ը ապաքինվել և վերադարձել են շարք։

Մեր հրետանավորները վիրտուոզ են. Օրվա երկրորդ կեսին ազդարարել է Արծրուն Հովհաննիսյանը. «ականանետով տանկեր խփել էլ յուրացրինք», գրել է նա։

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը դիմել է Հայաստանի ղեկավարությանը, որպեսզի իրեն հնարավորություն տան գալ Հայաստան և մեկնել Արցախ։ Արցախյան պատերազմի վետերանը  168.am-ին ասել է, որ   դեռևս պատասխան չի ստացել: Հիշեցնենք, որ Միքայել Հարությունյանը մարտի 1-ի գործով գտնվում է հեռախուզման մեջ:

ԵԿՄ վարչության Հատուկ վաշտի կամավորները ճանապարհ են ընկել առաջնագիծ:

Մինչեւ ճանապարհ ընկնելը ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը հայտարարել է, որ Արցախն ազատագրվել է արյան ու կյանքի գնով եւ Ադրբեջանի հրահրած պատերազմում մենք վերջնական հաղթանակ ենք տանելու։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Թուրքիային, ամեն ինչ անել, որպեսզի հակառակորդ կողմերին համոզեն դադարեցնել կրակը եւ վերադառնալ այս երկարատեւ հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական եւ դիվանագիտական միջոցներով:

Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի կողմերը վերադառնան բանակցային սեղանի շուրջ, ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: «Ռուսաստանն անում է իրենից կախված ամեն ինչ, որպեսզի էսկալացիան դադարի»,-ասել է դեսպանը եւ ավելացրել. «Շփումներ են ընթանում ադրբեջանական ու թուրքական կողմերի հետ: Արվում է ամեն ինչ, որպեսզի էսկալացիան դադարի եւ որպեսզի արտաքինից ապակայունացնող ազդեցություն չլինի»: 

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն կոչ է արել դադարեցնել բռնությունը Լեռնային Ղարաբաղում եւ վերադառնալ բանակցություններին: Այս հայտարարությունը Պոմպեոն արել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ հանդիպման ժամանակ:

Իտալական «Ռոմայի» և ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ֆեյսբուքի իր էջից կոչ է արել «միջազգային հանրությանը և դաշնակիցներին շտապ միջոցներ ձեռնարկել ևս մեկ Ցեղասպանությունից խուսափելու համար»։ Մարդկության դեմ հանցագործությունների անհապաղ դադարեցումն անհետաձգելի և կենսական նշանակություն ունի: Թուրքիան պետք է դադարեցնի այդ հարձակմանն ուղղված ցանկացած աջակցություն, ներառյալ՝ օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների հավաքագրումը հայերի վրա հարձակվելու համար»,- գրել է Մխիթարյանը։

Հավաքականում նրա թիմակից Գեւորգ Ղազարյանը, դիմելով հայ և այլազգի բոլոր ընկերներին, վստահություն է հայտնել, որ հայկական կողմը կգործի իր ամբողջ ներուժով՝ ապահովելու համար Արցախի ժողովրդի անվտանգությունը: «Սա ագրեսիա է ընդդեմ իմ սուրբ ազգի, իմ եղբայրների ու քույրերի, որոնք կանգնած են մեր բիբլիական հողի վրա: Սա եւս մեկ ցեղասպանության փորձ է, դրան աջակցող Թուրքիայի կառավարությունը վերածվել է համաշխարհային  ահաբեկչի:

Մխիթարյանի ու Ղազարյանի նախկին թիմակից Յուրա Մովսիսյանը ներկայացրել է հայերի ու ադրբեջանցիների միջև տարբերությունը. «Ադրբեջանը փակում է իր սահմաններն ու օդանավակայանները, որպեսզի իր քաղաքացիներին թույլ չտա լքել երկիրը ու նրանց ուղարկի սահման, մինչդեռ ամբողջ աշխարհի հայերը  Հայաստան են շապում իրենց հայրենիքը պաշտպանելու համար»,- գրել է Յուրա Մովսիսյանը:

ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստում, ելույթ է ունեցել Կազմակերպությունում Հայաստանի մշտական եւ լիազոր ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը, շեշտել, որ  Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին միջազգային իրավունքի բացարձակ ոտնահարում է: «Մենք վճռական ենք ամբողջ ուժով չեզոքացնել թուրք-ադրբեջանական այդ դաշինքի մտադրությունները»,- նշել է  նա, ավելացնելով, որ Հայաստանի հանդեպ անմիջական վտանգի դեպքում ՀԱՊԿ-ի կողմից գործի կդրվեն համապատասխան ռազմաքաղաքական մեխանիզմներ՝ ուղղված արտաքին ագրեսիայի հավաքական հակազդմանը։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը զանգարահել է Հայաստանի վարչապետին։ Զրույցի ընթացում Նիւկոլ Փաշինյանն  ընդգծել է Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի փաստը, նաեւ նշել, որ ի տարբերություն նախորդ տարիների էսկալացիաներին՝ այս մեկին բնորոշ է Թուրքիայի խիստ ակտիվ եւ կողմնակալ դիրքորոշումն ու ապակայունացնող ուղղակի ներկայությունն ադրբեջանական գործողություններում:

Նախորդ օրվա երեկոյան էլ Նիկոլ Փաշինյանը  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին է ներկայացրել  իրավիճակը, կոչ արել գործադրել ամեն ջանք Թուրքիայի ագրեսիվ եւ ապակառուցողական կեցվածքը սանձելու եւ տարածաշրջանում նրա ներգրավվածությունը բացառելու համար:

Հայաստանի 10-ից ավելի կուսակցություններ համատեղ հայտարարությամբ կոչ են արել  Հայաստանի եւ Արցախի իշխանություններին՝ անհապաղ քայլեր ձեռնարկել երկու հանրապետությունների միջև ռազմավարական համապարփակ համագործակցության պայմանագիր կնքելու ուղղությամբ։ Հայտարարությունը ստորագրել են, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀՀԿ-ն, ԱԻՄ-ը եւ այլ կուսակցություններ։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Արցախ։ Մինչեւ այդ Արցախ էր մեկնել նաեւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ «Հայկական կողմի համար պահի հրամայականն է Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է, ինչպես նաեւ Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը:

ՀՅԴ երիտասարդական միությունը Երեւանում Արամ Մանուկյանի արձանի մոտից երթ է կազմակերպել դեպի ՄԱԿ-ի գրասենյակ: Նրանք ՄԱԿ-ից, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից, նաեւ այլ միջազգային կազմակերպություններչից պահանջում են հստակ գանահատական տալ Ադրբեջանի սանձազերծած հերթական ագրեսիային, ինչպես նաեւ Թուրքիայի ներգրավվածությանը:

Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացրել ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի: Հայկական դրոշներով ցուցարարների բազմությունը հավաքվել Գլենդելի քաղաքապետարանի դիմաց, միջազգային հանրությունից պահանջել սանձել երկու թուրքական պետություններին։

«Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային միասնական դրամահավաք–արշավի շրջանակում հանգանակվել է ավելի քան 3 միլիոն դոլար: Նվիրատվությունները շարունակվում են:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է վիրավոր զինծառայողներին։ Քաղաքապետը շրջել է հիվանդասենյակներով, զինվորների որպիսությամբ հետաքրքրվել։

Սուրբ Գայանե վանքում  կատարվել է Հանրապետական մաղթանք մեր Հայաստանի եւ Արցախի խաղաղության եւ անսասանության համար։

Քիմ Քարդաշյանի ամուսինը՝ հայտնի ռեփեր Քանյե Ուեսթը, Twitter-ում հրապարակում է արել, որում հայտնել է, որ աղոթում է Հայաստանի համար։

ԱՄՆ դոլարի փոխարժեքը նախորդ օրվա համեմատ աճել է 1.96 դրամով ու  կազմել  487.62 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.48 դրամով ու հասել 570.03 դրամի, բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 2.81 դրամով ու հասել 626.93 դրամի, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.02 դրամով  ու կազմել 6.14 դրամ։

Սեպտեմբերի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը  կնվազի 4-5 աստիճանով, հոկտեմբերի 1-2-ը կբարձրանա 3-4 աստիճանով։ Երեւանում եւս տեղումներ չեն սպասվում։ Այս գիշեր մայրաքաղաքում կլինի 11-13, վաղը ցերեկը 23-25 աստիճան զրոյից բարձր։