Թուրքական F-16-երի կիրառում գրանցվել է Արցախի օդային տարածքում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ճեպազրույցին հայտարարեց Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։

«Կա թուրքական ձեռագիր»,- նշեց ՊԲ հրամանատարի տեղակալը։

Հարցին՝ ինչպե՞ս է դրսեւորվում այդ ծրագիրը, նա պատասխանեց. «Եթե ունեցել են որոշակի հաջողություններ, դա, միանշանակ, թուրքական ձեռագրի արդյունք է»

Հարցին՝ արդյոք հայկական կողմում կա՞ն ադրբեջանցի զինվորականներ կամ Ադրբեջանում կա՞ն հայկական կողմի զինվորականներ, Սարգսյանն ասաց. «Թույլ տվեք հակառակորդների մասով այդ հարցին չպատասխանել։ Մեր զինվորների մասով, բնականաբար, ստույգ տվյալներն ըստ ազգանունների պաշտոնական տեղեկատվությամբ կհրապարակվի»։

ՊԲ հրամանատարի տեղակալը ընդգծեց, որ արդեն չի կարելի անվանել առաջնագիծ, կարելի է անվանել ռազմաճակատային գիծ. «Ամբողջ ճակատով ընթանում են մարտեր։ Առաջնագիծ նշանակում է՝ որոշակի գիծ, որը հաստատված է եւ իրականացվում է երկու կողմերի ստորաբաժանումների կողմից պահպանություն։ Այս վայրկյանին էլ ընթանում է մարտեր։ Այդ առաջնագիծ կոչվածը կարող է եւ խորանալ դեպի մեր կողմ եւ հակառակը՝ խորանալ դեպի հակառակորդի կողմը»։

Հարցին՝ արդյոք Ադրբեջանը դիմե՞լ է հայկական կողմին՝ դիերը հայկական տարածքից վերցնելու համար, Արթուր Սարգսյանն ասաց, որ ինքն այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չունի։

Հարցին՝ համեմատելով նախորդ օրերի ռազմական իրավիճակին՝ արդյոք գործողությունների նվազում այսօր եղե՞լ է, Արթուր Սարգսյանն ասաց. «Ոչ, ասեմ ավելին, այն հատվածներում, այն ուղղություններում, որտեղ ունեցել ենք հաջողություններ, այնտեղ ջանքերը կրկնապատկվել են»։