ԵՄ անդամ երկրների ղեկավարները հոկտեմբերի 1-2-ին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում կքննարկեն ղարաբաղյան հակամարտության գոտում տիրող իրավիճակը: Այս մասին ասված է Եվրոպական խորհրդի ղեկավար Չարլզ Միշելի` եվրոպական առաջնորդներին ուղղված հրավերում:

«Հանդիպման ավարտին մենք կքննարկենք մեր ուշադրությունը պահանջող արդի հարցեր, մասնավորապես` Բելառուսում տիրող իրավիճակը, Ալեքսեյ Նավալնու թունավորումը եւ ղարաբաղյան սրացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկվելու է նաեւ իրավիճակն Արեւելյան Միջերկրական ծովում եւ Թուրքիայի հետ հարաբերությունները: «Մեր նպատակն է տարածք ստեղծել` Թուրքիայի հետ կառուցողական երկխոսության համար` ողջ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հասնելու, ինչպես նաեւ ԵՄ բոլոր անդամ երկրների ինքնիշխանության եւ ինքնիշխան իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի ապահովման համար: Դա հնարավոր կլինի միայն Թուրքիայի կառուցողական փոխգործակցության դեպքում: Բոլոր տարբերակները մնում են սեղանին` ԵՄ-ի եւ դրա անդամ երկրների օրինական շահերի պաշտպանության համար»: