Մոսկվան Բաքվին եւ Երեւանին կրակի դադարեցման, իսկ տարածաշրջանի երկրներին զսպվածության կոչ է անում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ «պետք չէ կրակի վրա յուղ լցնել», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Ավելի վաղ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտարարել էր, որ թուրքական F-16-ը Հայաստանի օդային տարածքում խոցել է հայկական Սու-25-ը:

«Մեր զինվորականները շատ ուշադիր հետեւում են շփման գծում իրավիճակի զարգացմանը: Ամբողջ ինֆորմացիան մանրամասն վերլուծվում է: Ինչպես նաեւ մենք ֆիքսում ենք բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները»,-ասել է Պեսկովը:

Ադրբեջանին Թուրքիայի քաղաքական աջակցության մասին հայտնված տեղեկության վերաբերյալ լրագրողների դիտարկմանը Պեսկովը պատասխանել է, որ Կրեմլը նման հայտարարությունները չի ընդունում: «Մենք համաձայն չենք դրա հետ, ես երեկ արդեն ասել եմ, որ պետք չէ կրակի վրա յուղ լցնել: Մենք նախկինի պես տարածաշրջանի բոլոր երկրներին զսպվածության կոչ ենք անում: Հատկապես հակամարտող կողմերին կոչ ենք անում անհապաղ դադարեցնել կրակը»,-նշել է Պեսկովը:

Պատասխանելով հարցին, թե արդյոք ռուս դիտորդները հաստատում են այն փաստը, որ հայկական ինքնաթիռ է խոցվել, Պեսկովն ասել է, որ «այդ ինֆորմացիան ֆիքսում են զինվորականները», եւ որ ինքը չի կարող այդ մասին խոսել: