Իրաքը կպաշտպանի օտարերկրյա առաքելությունների շենքերը, հավաստիացրել է երկրի վարչապետ Մուսթաֆա ալ Քադհիմին 25 բարձրաստիճան դիվանագետների հետ հանդիպմանը՝ այն բանից հետո, երբ Վաշինգտոնը զգուշացրել է, որ կարող է փակել Բաղդադում իր դեսպանատունը, փոխանցում է Reuters-ը։

Միացյալ Նահանգները Իրաքից դիվանագետների դուրսբերմանը պատրաստվել է այն բանից հետո, երբ Բաղդադին զգուշացրել է, որ կարող է փակել իր դեսպանատունը։ Իրաքում մտավախություն ունեն, որ այդ քայլը կարող է երկիրը վերածել ռազմական գործողությունների գոտու։

«Իրաքը ձգտում է ապահովել օրենքի գերակայությունը, զենքի տնօրինման պետական մենաշնորհը, օտարերկրյա ներկայացուցչությունների եւ դիվանագիտական շենքերի պաշտպանությունը»,- ասել է Քադհիմին 25 դեսպանների եւ գործերի ժամանակավոր հավատարմատարների հետ հանդիպմանը։ «Նրանք, ովքեր հարձակումներ են կատարում օտարերկրյա առաքելությունների վրա, ձգտում են Իրաքի ապակայունացմանը եւ նրա տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների սաբոտաժին»,- ասել է նա։

Վերջին շաբաթներին հաճախակիացել են դեսպանատների մերձակայքում հրթիռակոծությունները։

«Այդ հարձակումներն ուղղված են ոչ միայն օտարերկրյա առաքելություններին, այլեւ տուժել են միանգամայն անմեղ քաղաքացիները, այդ թվում՝ երեխաներ»,- ասել է Քադհիմին։

«Մենք արտահայտել ենք մեր խորը մտահոգությունը Իրաքում դիվանագիտական շենքերի վրա հարձակումների քանակությամբ եւ հնարամտությամբ»,- նշված է 25 դիվանագետների համատեղ հայտարարության մեջ։

«Մենք ողջունում ենք գործողությունները, որոնք վարչապետ Քադհիմին եւ նրա կառավարությունը ձեռնարկել են այդ խնդիրների լուծման համար»,- նշված է հայտարարության մեջ։