Առաջնագծում իրավիճակի էական փոփոխություններ չկան: Լայնամասշտաբ մարտեր են ընթանում նույն ուղղություններով: Այս մասին սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան կայացած ճեպազրույցում հայտարարեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով՝ ակտիվ մարտական գործողություններ են ընթանում Օմարից մինչեւ Արաքս, Մռավի լեռնաշղթայի վրա, Եղնիկներում, Մատաղիսում: «Ոչ այնքան ակտիվ է արեւելյան եւ կենտրոնական ուղղություններով: Շատ ակտիվ է հարավ-արեւելքում՝ Արաքսի եւ Ֆիզուլիի հովիտներում»,- ասաց Հարությունյանը: Նա հավելեց, որ երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել, բայց, իհարկե, հակառակորդի մոտ դրանք ավելի շատ են, ինչպես 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ: Բայց մենք եւս կորուստներ ունենք, ասաց Արցախի նախագահը:

«Ես շատ զարմացած եմ Ադրբեջանի իշխանությունների պահվածքից, նրանց «մարդկային» հատկություններից, սեփական քաղաքացիների ճակատագրի հանդեպ անտարբերությունից»,- ասաց Հարությունյանը` հավելելով, թե կան բազմաթիվ ապացույցներ եւ փաստեր, որ գործողությունները պատրաստվել են մանրամասնորեն եւ վաղուց: