Հնդկաստանը լուրջ մտահոգություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում էսկալացիայի կապակցությամբ՝ կոչ անելով անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները, քանի որ իրավիճակը սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ հակամարտության երկարաժամկետ կարգավորումը կարող է իրականացվել բանակցությունների միջոցով:

«Մենք տեսել ենք տագնապալի լուրեր Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման մասին, որոնք սկսվել են սեպտեմբերի 27-ի առավոտյան եւ հանգեցրել երկկողմանի զոհերի»,-հայտարարել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անուրագ Շրիվաստավան:

Նրա խոսքով՝ Հնդկաստանը մտահոգված է իրավիճակով, քանի որ այն սպառնում է տարածաշրջանում խաղաղությանն ու անվտանգությանը:

«Մենք հաստատում ենք, որ կողմերը պետք է ռազմական գործողությունները դադարեցնեն, ցուցաբերեն զսպվածություն եւ ձեռնարկեն բոլոր հնարավոր քայլերը խաղաղություն ապահովելու համար: Հնդկաստանը համարում է, որ հակամարտության ցանկացած ամուր կարգավորումը կարող է ձեռքբերվել միայն դիվանագիտական բանակցությունների ճանապարհով»,-ասել է նա:

Շրիվաստավան նաեւ հայտարարել է, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ հակամարտության խաղաղ կարգավորման ջանքերին: