Ադրբեջանի ներկայիս ագրեսիան տարբերվում է նրանով, որ Ադրբեջանը միտումնավոր հրետակոծում է բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Այսօր հայ եւ արտասահմանցի լրագրողները հրետակոծության են ենթարկվել մի քանի ժամ անց այն բանից հետո, երբ ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է ԶԼՄ-ների հետաքրքրության մասին: Մենք արդեն հայտնել ենք, որ հավատարմագրվել է ավելի քան 50 ԶԼՄ՝ 200 լրագրող: 100 լրագրող արդեն Արցախում է: Մարտունի այցից հետո լրագրողները հրետակոծության են ենթարկվել: Le Monde-ի թղթակիցը ծանր վնասվածք է ստացել, նրան վիրահատել են Ստեփանակերտի հիվանդանոցներից մեկում: Ղարաբաղյան կողմը հայտնել է նրան Երեւան տեղափոխելու մտադրության մասին»,-հայտնեց Նաղդալյանը:  

Նա ընդգծեց, որ լրագրողները «Press» տարբերանշան են ունեցել:

«Ծանր զենքի կիրառմամբ քաղաքացիական բնակչության ուղղությամբ սիստեմատիկ հրետակոծությունը միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է»,-հավելեց Նաղդալյանը: