ՀՀ Ազգային ժողովը դիմում է հղել ՀԱՊԿ-ի խորհրդարանական վեհաժողովին Աֆղանստանի՝ դիտորդի կարգավիճակը չեղարկելու մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությանը:

«Հաստատում ենք, որ ստացել ենք ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի էլեկտրոնային նամակը, որում նա խնդրում է գործադրել դիտորդի կարգավիճակը չեղարկելու մեխանիզմը: Համապատասխան դիմումին կարելի է ծանոթանալ պաշտոնական կայքում»:

Ավելի վաղ Հայաստանը պաշտոնապես դիմել էր ՀԱՊԿ ԽՎ քարտուղարություն՝ առաջարկելով սկսել կազմակերպությունում այդ երկրին դիտորդի կարգավիճակից զրկելու գործընթացը՝ ի պատասխան Աֆղանստանի հայտարարությանն այն մասին, որ սատարում է Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: