Գեներել-մայոր Ջալալ Հարությունյանն իր շտաբով, ողջ անձնակազմով հմուտ գործողություններ է իրականացնում՝ կանխարգելելու հակառակորդի համապատասխան գործողությունները։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 1-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը։

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է Արցախի իշխանությունների պլանի համաձայն ներկա գտնվել այս հանդիպմանը եւ ներկայացնել այն իրավիճակը, որը տիրում է Արցախում եւ մարտական գործողությունների թատերաբեմում։ Այսօր ոչ միայն Հհայաստանի Հանրապետության, Արցախի ժողովրդի, այլ նաեւ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է Արցախը եւ Արցախում տեղի ունեցող այն գործողությունները, որոնք սադրել են Արդբեջանի զինված ուժերը։ Ոչ միայն Արցախյան ազատամարտի, ոչ միայն 2014-2015 թվականի լարված դիվերսիոն հետախուզական գործողությունների, 2016 թվականի ապրիլյան մարտական գործողությունների, 2020 թվականի Տավուշյան մարտական գործողությունների, այլ նաեւ այսօրվա իրականության մեջ սադրիչ կողմը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերն են, բայց այս անգամ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ. նրա սպառազինության, նրա կողմից փորձառու փորձագետների, հրահանգիչների, նրա կողմից պատվիրված տարբեր երկրների վարձկանների»,- ասաց Օհանյանը։

Գեներալ-գնդապետը նշեց, որ այսօր յուրաքանչյուր գիտակից անձ արցախցու կողքին է։

Սեյրան Օհանյանը հայտնեց, որ Պաշտպանության նախարարներով հանդիպումներ են ունեցել Արցախի Հանրապետության նախագահի հետ, այցելել են Պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանին, հայտնել են իրենց աջակցությունը. «Տիրապետում ենք իրավիճակին, ծանոթացել ենք այն աշխատանքներին, որոնք այսօր իրականացնում է Պաշտպանության բանակի ղեկավարությունը։ Գեներել-մայոր Հարությունյանն իր շտաբով, իր ողջ անձնակազմով հմուտ գործողություններ է իրականացնում՝ կանխարգելելու հակառակորդի համապատասխան գործողությունները։ Ծանոթանալով նրա կողմից կատարվող աշխատանքներին, եկել ենք այն եզրակացությանը, որ Արցախի պաշտպանության բանակը եւ նրա հրամանատարական կազմն իրենց շարունակական զարգացմամբ՝ կատարելագործումն ապահովել են եւ այսօրվա հրամանատարն իր ենթակաների հետ միասին փորձառու կերպով ղեկավարում է մարտական գործողությունները։ Մենք հասկացանք, որ նրա ղեկավարման կետում բան չունենք անելու։ Մեր մնացած գործողություններն իրականացնում ենք Արցախի ժողովրդի եւ մնացած բոլոր միջոցառումներին՝ մեր հնարավորության շրջանակներում»։

Անդրադառնալով սեպտեմբերի 27-ին ընթացող ռազմական գործողություններին՝ Սեյրան Օհանյանն ասաց.

«Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ հերթական անգամ, օգտագործելով խաղաղ պայմանները, սադրիչ գործողություններ են նախատեսել եւ սեպտեմբերի 27-ին օգտագործելով իրենց զինանոցի ողջ կազմը, կատարելով համապատասխան խոցման եւ ազդեցության միջոցառումներ՝ անցել են հարձակման իրենց մոտոհրաձգային, հրաձգային եւ տանկային ստորաբաժանումներով՝ մի քանի ուղղություններով։ Նրանց հեռահար նպատակն է եղել 2-3 օրվա ընթացքում մխրճվել մարտավարական խորության՝ մոտ 10-15 կիլոմետր Արցախի պաշտպանության բանակ, այնուհետեւ պարտադրանքի լեզվով խոսել եւ Արցախի եւ Հայաստանի Հանրապետության ղեկավարության հետ՝ հետագա բանակցային գործընթացում։ Նրանք խախտել են պայմանավորվածությունները՝ ուժի չկիրառման հարցում։ Հանդիպելով Արցախի պաշտպանության բանակի հմուտ գործողություններով պայմանավորված դիմադրությանը՝ ստանալով հսկայական ծավալով եւ՛ անձնակազմի, եւ՛ սպառազինության, եւ՛ ռազմական տեխնիկայի, եւ՛ օդուժի, եւ՛ անօդաչու թռչող սարքերի խոցումներին, ըստ էության, չեն կարողացել հասնել իրենց նպատակներին»։