Աբխազիան պատրաստ է Սուխումը որպես չեզոք հարթակ տրամադրել շահագրգիռ կողմերի խաղաղ բանակցությունների անցկացման համար: Այս մասին գրում է «Ապսնըպրես»-ը՝ հղում անելով հանրապետության պատգամավորների հայտարարությանը:

«Ազգային ժողովը՝ Աբխազիայի Հանրապետության խորհրդարանը, մտահոգություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կտրուկ սրմամբ: Մի քանի օրվա ընթացքում մարտական բախումները վերածվել են լայնամասշտաբ պատերազմի: Կողմերն ակտիվորեն ծանր տեխնիկա են կիրառում: Զոհեր կան ոչ միայն զինվորականների, այլ նաեւ քաղաքացիական բնակչության շրջանում: Հակամարտության էսկալացիան դուրս է գալիս զինված հակամարտության գոտու սահմաններից՝ սպառնալիքի տակ դնելով Հարավային Կովկասի տարածաշրջանը: Աբխազիայի ժողովրդին մոտ են եւ  հասկանալի այս օրերին հրետակոծության եւ ռմբակոծության գոտում բնակվող մարդկանց հույզերը: Աբխազիայի խորհրդարանը կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակն ու սկսել քաղաքակիրթ բանակցային գործընթացը: Աբխազիայի խորհրդարանի պատգամավորները դիմում են միջազգային հանրությանը, պետությունների առաջնորդներին ու միջազգային կազմակերպություններին՝ խնդրանքով աջակցել ահագնացող կոնֆլիկտի կարգավորմանն ու թույլ չտալ անմեղ զոհեր երկու կողմերից: Աբխազիայի խորհրդարանը պատրաստ է Սուխումը որպես չեզոք հարթակ տրամադրել բանակցությունների համար»,-ասվում է Աբխազիայի խորհրդարանի պատգամավորների հայտարարության մեջ: