Արդեն ամբողջ աշխարհը կարող է տեսնել՝ ինչպես են քաղաքացիական նշանակետեր թիրախավորում, փրկարար ծառայություն, հիվանդանոցի շենք։ Այս մասին «Առաջին ալիքի» հետ զրույցում ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Իմ աչքի առաջ հարված է հասցվել Հադրութ քաղաքին, ամենայն հավանականությամբ, «սմերչ» տեսակի համազարկային կայանքի հրթիռներ էին, որովհետեւ կասետային արկերն ինքս եմ տեսել։ Մի քանի րոպե առաջ նույն հարվածը հասցվեց Ստեփանակերտ քաղաքին։ Ամբողջ արդյունքներն այս պահին չենք էլ կարող ամփոփել»,- ասել է Հովհաննիսյանը։

Արծրուն Հովհաննիսյանն անդրադառնալով հակառակորդի կողմից հայ եւ միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներին թիրախավորելուն եւ այս պահին միջազգային 50-ից ավելի լրատվամիջոցների լուսաբանման գործընթացին՝ ասել է. «Մենք իրենց ամեն քայլը տեսնում ենք։ Նրանց մեծ մասը պրոֆեսիոնալ մասնագետներ են, որոնք, դժբախտաբար, լուսաբանել են ոչ մեկ պատերազմ. եղել են աշխարհի ցանկացած կետում։ Նրանք գիտեն նույնիսկ ինչպես չթիրախավորվել անզգուշությամբ, բայց, միեւնույն է,  թիրախավորվում են, որովհետեւ Ադրբեջանը թիրախավորում է»։

Անդրադառնալով լրատվամիջոցների կողմից լուսաբանման որակին՝ Արծրուն Հովհաննիսյանն ասել է. «Հակառակորդն այստեղ՝ այս տիրույթում, վերջնական պարտված է՝ կոնկրետ լրատվական դաշտում. ես վստահ եմ, որ այդպես է լինելու: Մենք թափանցիկ ենք, մենք բաց ենք, մենք պարզ ենք աշխատում, մենք մեր տունն ենք պահում եւ թաքցնելու ոչինչ չունեն։ Բացի կազմակերպիչներից ոչ ոք չի կասկածում, որ մեր դեմ ահաբեկիչներ են կռվում»։

ՊՆ ներկայացուցիչը պատմել է, որ եղել է առաջնագծում, զորքերը հերոսական պայքար են մղում. «Ակտիվ ցամաքային հետեւակային մարտեր չեն, բայց կիրառվում է ծանր տեխնիկա, զրահատեխնիկա, հատկապես հրետանի է կիրառվում, օդուժ է կիրառվում, ԱԹՍ-ներ են կիրառվում։ Մեր տղաներն աչքիս առաջ հաջողություններ արձանագրեցին։ Մեր հրետանին փայլում էր։ Տղաների ոգիները շատ-շատ բարձր է»։