21։00-ի ամփոփած տվյալների համաձայն՝ հակառակորդը կորցրել է 540 սպանված, ունի ավելի քան 700 վիրավոր, մոտ 45 միավոր զրահատեխնիկա, 6 ինքնաթիռ, որոնց մեծ մասն օդում չեն խոցվել, 3 ուղղաթիռ եւ 6 ԱԹՍ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հրավիրված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Մարտերը շարունակվել են։ Հակառակորդը բազմիցս որոշակի փոխելով մարտավարությունը՝ փորձում է հարձակողական գործողություններ իրականացնել։ Մեր Զինված ուժերը հերոսաբար հետ են մղում բոլորը գրոհները՝ հակառակորդին պատճառելով ծանր կորուստներ եւ՛ զրահատեխնիկայի, եւ՛ հրետանային միջոցների, եւ՛ կենդանի ուժի։ Իրավիճակն այս պահին շարունակում է մնալ լարված, մարտերը շարունակվում են. նույն ծանրության ուղղությունները հյուսիսն ու հարավն են։ Մեր Զինված ուժերը շարունակում են հիմնականում պաշտպանողական, բայց որոշ տեղերում նաեւ այլ բնույթի մարտական գործողություններ»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը։

Անդրադառնալով Ադրբեջանի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու մարտավարությանը՝ Արծրուն Հովհաննիսյանն ասաց. «Ցավոք, հակառակորդն արդեն 2-3 օր այս մարտավարությունն է որդեգրել. թիրախավորում է խաղաղ բնակչությանը՝ մեծ տրամաչափի զենքերից։ Այսօր հեռահար հրթիռային միջոցներով 2 անգամ հարվածներ հասցրին Հադրութ քաղաքին, 2 անգամ Ստեփանակերտ քաղաքին, որից տուժել են մեծ թվով խաղաղ բնակիչներ, շինություններ, քաղաքացիական պաշտպանության ինստիտուտներ եւ ենթակառուցվածքներ»։