Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից:

Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը եւ ռազմական գործողություններում տեղի ունեցող զարգացումները։

Վարչապետը շնորհակալություն է հայտնել պատերազմը սանձազերծելու անթույլատրելիության վերաբերյալ Ֆրանսիայի սկզբունքային եւ կառուցողական դիրքորոշման համար: Կողմերն անթույլատրելի են համարել օտարերկրյա ահաբեկիչ զինյալների ներգրավումը ռազմական գործողություններին:

Ֆրանսիայի նախագահը կարեւորել է ռազմական գործողությունների շուտափույթ դադարեցումը եւ խաղաղ գործընթացի վերականգնումը՝ համաձայն Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների ս.թ. հոկտեմբերի 1-ի հայտարարության:

Վարչապետ Փաշինյանն անընդունելի է համարել Թուրքիայի եւ նրա կողմից հովանավորվող ահաբեկիչների ներթափանցումը տարածաշրջան՝ ընդգծելով, որ առանց այդ ապակայունացնող ուժերի դուրսմղման՝ հնարավոր չէ վերականգնել տարածաշրջանային անվտանգությունը: Խաղաղության հաստատման համատեքստում Նիկոլ Փաշինյանը կարեւորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ նրանց երկրների սերտ համագործակցությունը: