Ներկայիս պատերազմի պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք եւ ոչ միայն ճանաչի, այլեւ բացեիբաց աջակցություն ցուցաբերի Արցախին: Այս մասին, չինական Caixin Media գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Մասնավորապես լրագրողը հարցրել է. «Կան կարծիքներ, որ Հայաստանը պետք է միավորվի Արցախի Հանրապետության հետ: Ոմանք կոչ են անում դե յուրե ճանաչել այդ պետությունը: Իսկ ադրբեջանական կողմի միակ տարբերակը տարածքներն ազատագրելն է: Դուք կընդունե՞ք դա: Ինչպիսի՞ն է լինելու ձեր մոտեցումը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ այս բախումից հետո»:

Ի պատասխան ՀՀ նախագահն ասել է. «Դուք երկու հարց տվեցիք՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղը որպես անկախ պետություն ճանաչելու կամ գուցե որեւէ տեսակի համաձայնագիր ստորագրելու մասին: Բաքվի մոտեցումը բացառապես մերժում է որեւէ բանակցություն եւ պնդում է, թե կա միայն մեկ լուծում, եւ դա յուրաքանչյուր հայի հեռացումն է այն տարածքից, որտեղ տարիներ ի վեր բնակվել են: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեպքում մեր մոտեցումն է՝ լինել հնարավորինս համբերատար: Մենք կարող էինք ճանաչել Լեռնային Ղարաբաղը 30 կամ 26 տարի առաջ, բայց քանի որ ունեինք բանակցային սեղան եւ խոսում ենք վերջնական լուծման մասին, մենք որոշեցինք մեր ճանաչմամբ իրավիճակն ավելի չբարդացնել եւ սպասել, մինչեւ կգտնենք վերջնական լուծում Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ քայլը չանելով՝ Հայաստանի միակ մտադրությունն է եղել լինել համբերատար եւ չբարդացնել խաղաղության գործընթացը:

Իհարկե, ներկայիս պատերազմի եւ ադրբեջանական կողմի հայտարարությունների պատճառով Հայաստանը գուցե չունենա այլընտրանք եւ ոչ միայն ճանաչի, այլեւ բացեիբաց աջակցություն ցուցաբերի: Իսկ մենք աջակցում ենք Լեռնային Ղարաբաղին, քանի որ այն պատմական հայկական տարածք է, որը տրվել է Ադրբեջանին խորհրդային իշխանությունների կողմից: Ստալինը հայտնի էր բոլոր ազգերի միջեւ խնդիրների ստեղծմամբ, նա խնդիրներ է ստեղծել ռուսների ու վրացիների, ուկրաինացիների եւ ռուսների, Կենտրոնական Ասիայի հանրապետությունների միջեւ եւ այլն: Սա էլ դրանցից մեկն է: Որպեսզի խաղաղ բանակցությունների հնարավորություն լինի, Հայաստանը շատ պահպանողական եւ համբերատար դիրքորոշում ցուցաբերեց: Սա խնդիրների լուծման հայկական տարբերակն է, քանի որ մենք հավատում ենք խաղաղության բանակցություններին:

Այն, ինչ ասում է ադրբեջանական կողմը, ժամանակակից ձեւակերպմամբ կոչվում է էթնիկ զտումներ՝ դու պարզապես դուրս ես քշում բոլորին եւ նվաճում նրանց հողը: Եթե նրանք նման քաղաքականություն սկսեն, ապա ո՞րը կլինի սահմանը: Այդ դեպքում մենք կունենանք աշխարհ, որտեղ միայն երկու կամ երեք պետություն կլինեն: Եթե մեկն ուժեղ է, արդյո՞ք դա նշանակում է, որ նրանք կարող են բոլորին նվաճել: Որտե՞ղ է մեր մարդկությունը: Որտե՞ղ է միջազգային հանրությունը: Որտե՞ղ է ՄԱԿ-ը: Որտե՞ղ են մնացած բոլորը: Այս տեսանկյունից այն, ինչ Բաքուն ասում է, մեզ համար ամբողջությամբ անընդունելի է: Ես սա ընդգծում եմ ոչ միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում պատմականորեն մշտապես հայեր են ապրում, այլեւ շատ կարեւոր է այն, որ այսօրվա պատերազմում ներգրավված է Թուրքիան: Այս հանգամանքը բոլոր հայերին՝ Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Կալիֆորնիայում կամ Մերձավոր Արեւելքի երկրներում հիշեցնում է Հայոց ցեղասպանության մասին, որը տեղի է ունեցել 1915 թվականին: Այսօր տեսնում ենք, որ, ցավոք սրտի, Թուրքիան որոշել է վերջացնել այն գործը, որն անավարտ էր թողել 1915-ին, երբ նրանք սպանեցին 1,5 միլիոն հայերի եւ շատերին քշեցին իրենց պատմական հայրենիքից: