ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տարածաշրջանային եւ միջազգային խաղացողներին կոչ է անում օգնել հասնելու կրակի շտապ դադարեցմանը հայ-ադրբեջանական հակամարտության գոտում, հայտնել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Սթեֆեն Դյուժարիկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նրա խոսքով՝ գլխավոր քարտուղարը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող էսկալացիան, չնայած ռազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու միջազգային հանրության բազմաթիվ կոչերին։ Նա լրջորեն մտահոգված է ռազմական գործողությունների տարածման, այդ թվում՝ բնակելի գոտիների գնդակոծությունների վերաբերյալ տեղեկություններից, նշել է Դյուժարիկը։

«Գլխավոր քարտուղարը եւս մեկ անգամ շեշտում է, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի, եւ կողմերին կոչ է անում անհապաղ դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները։ Նա բոլոր համապատասխան տարածաշրջանային եւ միջազգայիրն խաղացողներին կոչ է անում իրենց ազդեցությունն ակտիվորեն օգտագործել ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը հասնելու եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցություններին վերադառնալու համար»,- նշված է Դյուժարիկի հայտարարության մեջ։