Դատելով միջազգային արձագանքներին, նաեւ այսօր Եվրախորհրդարանն էր քննարկում Արցախի հարցը, որտեղ եղան ելույթներ եւ ադրբեջանական ագրեսիայի, եւ Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ, միաժամանակ, ՌԴ նախագահը, ինչպես նաեւ իրանական կողմը շեշտեցին իրավիճակի անթույլատրելիությունը։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանը։

«Այսինքն ընդհանուր առմամբ միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա  գնալով մեծանում է։ Այդուհանդերձ, Բաքուն հայտարարում է, որ չի կանգնելու, շարունակելու է ռազմական գործողությունները։ Այն, ինչ ներկայացնում է ադրբեջանական քարոզչամեքենան արդեն 11 օր շարունակ, եւ որը ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը, ստեղծել է անելանելի իրավիճակ Ալիեւի համար։ Երեկ Ադրբեջանի խորհրդարանը քննարկում էր Մատաղիսի վերանվանման հարցը, մինչդեռ տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում ադրբեջանական ուժերի հետ Մատաղիսում։ Այսինքն նրանք ապրում են զուգահեռ երեւակայական աշխարհում։ Եթե այսօր իրենք լսեն կոչերը եւ դադարեցնեն ռազմական գործողությունները, համաձայնեն հետ վերցնել իրենց դիակները, ապա դա հսկայական խուճապ է առաջացնելու Ադրբեջանում եւ կարող է ճակատագրական դառնալ Իլհամ Ալիեւի համար»,-ասաց նա։

Պատգամավորը նկատեց, որ ադրբեջանական հասարակությունը զարմացած է, թե ինչու է միջազգային հանրությունը խոսում ահաբեկիչների ներգրավման մասին, քանի որ իրենց ղեկավարությունը տարիներ շարունակ հավատացրել , որ իրենք ունեն շատ ուժեղ բանակ։ Նաեւ, ըստ նրա, մարդիկ զայրանում են, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն թույլ չի տվել արտասահմանյան լրատվամիջոցներին գալ Ադրբեջան եւ լուսաբանել իրենց կողմից։