Արցախում  ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է լիբանանահայ օպերային երգիչ, ՀՅԴ–ական Գևորգ Հաճյանը։

Արմատներով մուսալեռցի, ծնունդով Լիբանանից Գևորգ Հաջյանն ընտանիքով  Հայաստան է տեղափոխվել 2005-ին։ Հայաստանում ապրելու տարիներին Հաճյանը տասնյակ մենահամերգներով է հանդես եկել ինչպես Հայաստանում, այնպես էլ Արցախի տարբեր քաղաքներում։ 2015թ. Yerkir.am–ին տված հարցազրույցում հայրենադարձ երգիչն ասել է.

«Հայաստանում ապրելով` հայկականությունը կրկնակի կարող է դրևորվել. նախանձելի է այն հայը, ով իր հողի վրա է ապրում: Հողը չես կարող պահել, եթե այն չբնակեցնես, հողի վրա պետք է շունչ լինի, ակոսող լինի»:

Հաճյանն, ով մանուկ հասակից ուսումնասիրել է հոգևոր երգերը, իր հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ մեր ազգային դիմագիծը պահում և հետագա սերունդներին է փոխանցվում հենց ժողովրդական ու հոգևոր երգերի պահպանման միջոցով:

«Եթե դու` որպես ազգ, հզոր ես քո մշակույթով, երգով, կարծես պաշտպանված լինես տաք հագուստով, նույնն էլ հոգևոր երաժշտությունն է։ Յուրաքանչյուր մարդ, ով ուզում է իրեն պաշտպանված զգալ, պետք է իր մշակութային ակունքները ճիշտ ձևով պահպանի և զարգացնի:»,–ասել էր նա։

Հաճյանը համոզված էր՝ մեր ազգային դիմագիծը պահպանելու համար անհրաժեշտ է այն ճիշտ մատուցել մատաղ սերնդին։

 «Աշխարհի երեսին ամենից շատ նահատակ ունեցող ազգը երևի մենք ենք, իսկ նահատակությունն ինքնանպատակ չէ, այն միայն ու միայն հավերժության համար է, վկան` մեր 1,5 մլն սրբերը և Արցախյան գոյապայքարի հազարավոր նահատակները»,–ասել էր երգիչը, որն իր զինակից ընկերների հետ կյանքը զոհաբերեց Արցախի ու Հայաստանի համար։