Հայերը, ի տարբերություն թուրքերի, պաշտպանում են իրենց հողը՝ սեփական արյան գնով: Այս մասին հոկտեմբերի 7-ի երեկոյան կայացած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` պատասխանելով քուրդ զինյալների ներգրավման վերաբերյալ թուրքական կողմի տարածած ապատեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին:

«Մենք 30 տարի լսում ենք այս հեքիաթները: Եվ դուք նույնպես լսում եք: Որ Հայաստանն օգնում է կամ որ քուրդ զինյալները օգնում են Հայաստանին: Բայց չկա որեւէ համագործակցության թեկուզ մեկ ապացույց: Մեր զինված ուժերը հաստատ քրդական օգնության կարիքը չունեն: Ի տարբերություն Թուրքիայի, մենք մեր հողը պաշտպանում ենք մեր արյան գնով, ոչ թե վարձկանների»,- հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հաստատեց, որ հայկական կողմը ապացույցներ ունի Ադրբեջանի ագրեսիային Թուրքիայի անմիջական մասնակցության մասին: «Կան փաստեր, որ Թուրքիայի ղեկավարությունը ծրագրում է հարվածներ հասցնել: Օդային հարվածներն ամբողջությամբ ղեկավարվում են թուրք մասնագետների կողմից: Կան հստակ փաստեր Թուրքիայից ժամանած հրահանգիչների, հետախույզների մասնակցության մասին: Բայց դեռեւս տեղեկություններ չկան թուրքական զինուժի առանձին ամբողջական ստորաբաժանումների մասին:

Միգուցե թուրքերի համար ավելի շահավետ է, եթե իրենց փոխարեն ջիհադականները զոհվեն»,- ասաց Հովհաննիսյանը: