Հաջորդ շաբաթից սկսած՝ Կուբայի մեծ մասը կբացվի միջազգային զբոսաշրջության համար։ Այս մասին հայտնել է Կուբայի վարչապետ Մանուել Մարերոն, փոխանցում է Reuters-ը։

Երկիրը, որը 6 ամիս առաջ իր սահմանները փակել էր՝ փորձելով զսպել կորոնավիրուսի տարածումը, զբոսաշրջության համար աստիճանաբար բացվում է նոյեմբեր-մարտի մեծ սեզոնի նախաշեմին։

Կուբայի 16 նահանգներից 13-ը հիմա բաց կլինեն զբոսաշրջության համար, ասել է Մարերոն։

Կուբայում միջազգային զբոսաշրջությունը կայուն արժույթ ստանալու հիմնական աղբյուրներից մեկն է, ուստի այս տարի դրա դադարեցումը հարված է հասցրել տնտեսությանը։

Կուբայի առողջապահության ունիվերսալ համակարգը համայնքների մակարդակով զսպել է հիվանդության բռնկումը եւ մահացությունը նվազեցրել բոլոր հաստատված դեպքերի հոսպիտալացման հաշվին՝ հետեւելով եւ մեկուսացնելով նրանց հետ շփված մարդկանց եւ կիրառելով բուժման բազմաթիվ թերապեւտիկ մեթոդներ։

Կուբայում գրանցվել է Covid-19-ի մահվան ընդամենը 11 դեպք միլիոն բնակչության հաշվարկով՝ Դոմինիկյան Հանրապետությունում գրանցված 203 եւ Միացյալ Նահանգներում 647 մահվան դեպքերի համեմատությամբ։