Եվրոպական դատարանի կողմից հրապարակված «Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճռով արձանագրվել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաեւ փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Դիմումատուների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ Եվրոպական դատարանի «պատմական» վճիռն այլեւս վերջնական է եւ անբեկանելի

2020 թվականի մայիսի 26-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Մակուչյանը եւ Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի եւ Հունգարիայի» գործով վճիռը, որով Ադրբեջանը պատասխանատու է ճանաչվել հայ սպա Գուրգեն Մարգարյանին դաժանաբար սպանած եւ եւս մեկ հայ սպայի՝ Հայկ Մակուչյանի նկատմամբ մահափորձ կատարած հանցագործի ազատ արձակման ու հերոսացման համար:

Այս վճռով Եվրոպական դատարանը ոչ միայն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) հոդվածով նախատեսված իր պարտավորությունները, այլ նաեւ փաստել, որ ատելության հողի վրա կատարված դաժան հանցանքների համար դատապարտված Ռամիլ Սաֆարովի անպատժելիությունը եւ հերոսացումը Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից իրականացվել է զոհերի ազգային պատկանելության հիմքով: Արդյունքում, Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականությունն առաջին անգամ իր փաստագրումն է ստացել միջազգային դատական ակտով։

Սույն թվականի հոկտեմբերի 12-ին Եվրոպական դատարանը, քննարկելով Մեծ Պալատի կողմից այս վճռի վերանայման հնարավորությունը, բացառեց այն՝ կարեւորելով վճռի դրույթների ուժի մեջ մտնելն ու դրանց կատարումը։ Դա նշանակում է, որ 2020 թվականի մայիսի 26-ին Եվրոպական դատարանի կողմից Ադրբեջանի դեմ կայացրած վճիռը ստացավ օրինական ուժ։

Վճռի կատարումը պահանջելու է, որ Ադրբեջանը պատժի սեփական մարդասպանին եւ դադարեցնի հայերի նկատմամբ ռասիստական քաղաքականությունը:

Ադրբեջանի վարած հայատյաց քաղաքականության վերաբերյալ այս վճիռն այլեւս վերջնական է, չի կարող բեկանվել կամ որեւէ կերպ կասկածի տակ դրվել: Այն պարտադիր է բոլորի, այդ թվում՝ արտաքին քաղաքական դերակատարների համար։ Նման բովանդակությամբ միջազգային դատական ակտի առկայությունն ադրբեջանական ոտնձգություններից հայերի պաշտպանությունն ապահովող իրավական լուրջ երաշխիք է, որն ըստ էության բացառում է նաեւ Արցախի բնակչության անվտանգությունը կասկածի տակ դնող ցանկացած լուծում»։