Միավորված ազգերի կազմակերպության երեւանյան գրասենյակի մոտ այսօր՝ հոկտեմբերի 16-ին, բողոքի ակցիա են իրականացնում մի շարք քաղաքացիներ, որոնք պահանջում են՝ անտարբեր չլինել ու կոնկրետ քայլեր ձեռնարկել Ադրբեջանի կողմից Արցախում սանձազերծված ագրեսիայի դեմ:

Ակցիայի մասնակիցները մոտեցան գրասենյակի մուտքի մոտ, խնդրեցին, որ իրենց մոտենա ՄԱԿ-ի ներկայացուցիչը եւ լսի իրենց պահանջը, սակայն անվտանգության աշխատակիցն ասաց՝ կարանտին է։

«Ձեզ մոտ կարանտին է, իսկ սահմանում զոհվում են զինվորներ. բացեք, դարպասները»,- ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Ակցիայի մասնակիցներից մեկի ձեռքին կար լուսանկարներ, որում երեւում է՝ ադրբեջանական զինվորականները կտրել են հայ զինվորների կոկորդն ու դրանից շատ գոհ են։

«Համայն աշխարհին պետք է ցույց տանք, թե ինչպիսի վայրագություններ են կատարվում մեր հայրենակիցների նկատմամբ։ Այս լուսանկարը տարածվել է ադրբեջանական կայքերում։ Նրանք հպարտանում են հայ զինվորի նկատմամբ իրականացված այդ վայրագությամբ։ Այստեղ կտրում են զինվորի պահանոցն ու ուրախանում։ Սա 2016 թվականի նույն ձեռագիրն է, ՄԱԿ-ի արդարադատության դատարանի կողմից որեւէ արձագանք չունեցավ, չնայած բազմաթիվ փաստարկների, որ ադրբեջանական կողմը հայ գերիների, հայ զոհերի դիերի 90 տոկոսի նկատմամբ իրականացնում է անարգում եւ խոշտանգում։ Մենք շարունակվում են ցեղասպանվել, որովհետեւ խաղաղարարի նման կառույցները շարունակ լռում են։ Երեւանյան ներկայացուցչին պետք է ցույց տանք այս նկարը եւ իրեն ստիպենք այս նկարով հանդես գալ ՄԱԿ-ում»,- նշեց Ակցիայի մասնակիցներից մեկը։

Այնուհետեւ ակցիայի մասնակիցներին մոտեցավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդատուն, որն ասաց, որ չի ցանկանում հարցազրույց տալ։